Պահածո
Փորձագետի խորհուրդներ

Զգուշացեք բոտուլիզմից

Որքան էլ որ զարգանում են գիտությունը եւ տեխնիկան, արտադրվում են վերջին սերնդի սառնարաններ, որոնք օգնում են տնային տնտեսուհիներին` սառեցման միջոցով անվտանգ մթերել բանջարեղենը, այլ ոչ թե պահածոյացնել, այնուամենայնիվ, հայ կանանց մեծամասնությունը շարունակում է ջանասիրաբար պահածոյացնել սննդամթերքը: Այդպիսով օգուտ տալու փոխարեն վտանգի է ենթարկվում ընտանիքի անդամների առողջությունը: Ինչպես կռահեցիք, խոսքը բոտուլիզմի մասին է:

Հիվանդությունն առաջանում է բոտուլիզմի բացիլների թույներով թունավորվելիս, որոնք լինում են մսի, ձկան, երշիկեղենի, ապխտած մսի, պաշտետի, բանջարեղենի, կանաչեղենի, պահածոների եւ կաթնամթերքի մեջ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Մյուս սննդային թունավորումների հետ համեմատած` բոտուլիզմն ավելի հազվադեպ  է հանդիպում, սակայն նրանից առաջացող մահացությունը 60-70% է կազմում:
Բոտուլիզմի գաղտնի շրջանը 12-16 ժամ է, երբեմն` 3-9 օր: Երբեմն այդ շրջանում հիվանդի մոտ սկսվում են լուծ, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն եւ այլ երեւույթներ:
Թունավորման շրջանում խանգարվում է աչքերի ակկոմոդացիան, խեղվում են ակնագնդի մկանները, լայնանում են բբերը, բացակայում է լույսի հակազդեցությունը, առաջանում է շլություն:

Լեզվաըմպանային նյարդի լուծանքի հետեւանքով առաջանում է ասպիրացիոն թոքաբորբ, լսողության թուլացում: Ծանր դեպքերում կարող է առաջանալ ստոծանային նյարդի երկկողմանի լուծանք եւ, հանգեցնել հիվանդի մահվան:
Պաթոլոգիական փոփոխությունները տեղակայվում են ուղեղում եւ բուլբար բջիջներում: Երբեմն դժվարանում են շնչառական շարժումները, եւ մահն առաջանում է շնչառության լուծանքից:
Բոտուլիզմը երբեմն նմանվում է ատրոպինային եւ մեթիլալկոհոլային լուծանքին: Երբեմն առաջանում է տեսողության թուլացում, երբեմն՝ կուրություն:

Բուժումը

Բուժումը կատարվում է հիվանդանոցում` հակատոքսինային պոլիվալենտ շիճուկ ներարկելով: Եթե բուժումը կատարվում է արդեն հիվանդության զարգացման շրջանում, պետք է կրկնել ամեն օր, մինչեւ հիվանդի լավանալը:

Հակատոքսինային պոլիվալենտ շիճուկը ներարկում են մկանի կամ երակի մեջ: Ներարկումից հետո պետք է կատարել ստամոքսի եւ աղիների լվացում:

Ստամոքսը լվանում են տանինի 0,2% լուծույթով, ապա տալիս լուծողական:

Շնչուղիների կարգավորման համար երակի մեջ ներարկում են 1% լոբելին, օրական մի քանի անգամ:

Կատարում են խաղողաշաքարի եւ կենսաբանական լուծույթների ենթամաշկային ներարկում:

Կանխարգելման համար չպետք է օգտագործել բանջարեղենային  պահածոներ, կասկածելի դեպքերում օգտագործելուց առաջ դրանք  պետք է եռացնել 40-50 րոպե  եւ  ապա օգտագործել:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։