Վախեցած փոքրիկ
Երեխաներ

Փոքրիկ մարդու մեծ վախերը

— Թոռնիկս վախենում է ամեն ինչից, նույնիսկ  Ձմեռ պապից եւ մուլտհերոսներից: Նա հաճախում է քոլեջ, սակայն անընդհատ վախենում է, որ դասը չի կարողանա պատասխանել, թեեւ  պատրաստված է գնում:
Լարիսա, ք. Սիսիան:

Վախի զգացումը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ` կան մարդիկ, ովքեր վախենում են սարդերից ու մկներից, իրենց աշխատանքը կորցնելուց,  երեխաները` մթությունից, փակ տարածքից: Ի՞նչ է վախը, և արդյո՞ք  կարելի է ազատվել դրանից: Այս և մի քանի այլ հարցեր փորձեցինք  լուսաբանել հոգեբան  Հասմիկ Հակոբյանի հետ զրույցում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ինչի՞ց է առաջանում վախը:
-Վախերը ծնվում են անհասկանալի վիճակից, կասկածելուց, վախերը անձի համար  պաշտպանիչ ֆունկցիա են: Դրանք հաճախ ենթագիտակցական մակարդակում են գտնվում և գիտակցված չեն, ինչն էլ կարող է արտահայտվել մի շարք նշաններով, անգամ խուճապ գրոհներով:

-Արդյո՞ք  երեխայի մոտ վախը կարող է առաջանալ դեռեւս ներարգանդային շրջանում:
-Այժմ բավականին լայն ուսումնասիրություններ կան պերինատալ հոգեբանության բնագավառում: Մի շարք փորձեր ցույց են տալիս, որ եթե մայրը հուզված վիճակում է, ապա երեխան որովայնում կծկվում է: Ս. Գրոֆը չէր հերքում, որ հղիության շրջանում երեխան ունենում է պերինատալ ապրումներ և ծնողից երեխային են փոխանցվում մի շարք ենթագիտակցական ապրումներ, վարքեր, որոնք էլ հետագայում պայմանավորում են նրա վարքը:

-Հարց ընթերցողից. «Երեխան վախենում է  Ձմեռ պապուց, մուլտհերոսներից, ինչպես նաև  քոլեջ հաճախելուց, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ»:
-Երեխայի կյանքի տարբեր տարիքային փուլերում առկա են տարբեր տեսակի վախեր, որոնք բնականոն են, եթե չեն գերազանցում նորմայի սահմանը և կառավարելի են: Վախի պատճառները բազմազան են, 3-4 տարեկանից սկսած զարգանում են երեխաների երևակայության հետ կապված վախերը, ինչը մեծացնում է վախի գործոնը: Վախերի աղբյուր կարող են հանդիսանալ ընտանեկան կոնֆլիկտները, բժշկական ձեռնածությունները, ինչպես նաև շրջապատի կողմից ներշնչվող վախերը: Դրանք ծնողների կողմից անգիտակցորեն ներշնչված վախերն են, օրինակ` «եթե խելոք չլինես, ապա քեզ հետ որևէ բան կպատահի, եթե դպրոցում գերազանցիկ չլինես, քեզ չեն սիրի …»: Կա ևս մեկ  վարկած, ըստ որի` տանը փոքրիկին սպառնացել են` տվյալ հերոսին օրինակ բերելով: Պետք է նշել, որ, անկախ տարիքից, վախը ուշադրություն է պահանջում, իսկ այս դեպքում անհրաժեշտ  է  հոգեբանի օգնությունը:
Երեխան կարող է ունենալ նաև մահվան վախեր:  Դա սերտորեն կապված է ծնողների մահվան վախի հետ, հեքիաթային հերոսների, մթության, հրդեհների, հարձակումների, հիվանդությունների, կենդանիների և այլնի հետ:

— Երեխան վախենում է անգամ  Ձմեռ պապիկից: Եթե նա հանդիպի  տվյալ կերպարին, շփվի նրա հետ, հնարավո՞ր է, որ վախն անհետանա:
-Ոչ, եթե չլինի հոգեբանի ճիշտ աշխատանք,  ապա արդյունք չի լինի: Նախ` պետք է հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, հերո՞սն է  վախ առաջացնում, թե՞  մեկ այլ  խնդիր կա:

-Ինչպե՞ս  շփվել  վախի զգացում ունեցող մարդկանց հետ:
-Վախը պետք է դիտել որպես բնական հակազդեցություն և էլ ավելի չընդգծել այն: Պետք չէ ծաղրել դիմացինին, երբ նա ունի վախի զգացում, պետք է փորձել հնարավորինս կիսել նրա հետ այդ զգացումը և ցույց տալ վախի անիրական, անտրամաբանական կողմը, անկեղծ լինել և հարկ եղած դեպքում խոսել սեփական վախերի մասին, ինչը անհատին թույլ կտա մտածել, որ ինքը մենակ չէ և ամեն ինչ հաղթահարելի է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք նման մարդկանց, հատկապես երեխաների դեպքում:
-Մի՛ ամաչեք և մի՛ թաքցրեք ձեր վախերը, եթե զգում եք, որ վախերը դարձել են անկառավարելի և անգամ արդեն ունեք տագնապներ կամ մղձավանջներ, ապա իզուր մի՛ տանջեք Ձեզ և մտերմներին, դիմե՛ք համապատասխան մասնագետի, ում հետ կվերլուծեք վախի առաջացման պատճառները, կդիտարկեք ոչ ռացիոնալ կողմերը, կուսումնասիրեք այն. ի վերջո, մենք հաճախ վախենում ենք այն ամենից, ինչից անտեղյակ ենք:
Այսպիսով, այս դեպքում մեծ է ծնողների,  շրջապատի դերը: Մասնավորապես, նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի երեխայի ծանոթացումը որեւէ մուլտհերոսի հետ, կարեւոր է ճիշտ ներկայացնել երեխային: Չի կարելի այդ հերոսին օգտագործել երեխային վախեցնելու  կամ ինչ-որ քայլերից ետ պահելու համար: Եվ հիշե՛ք, որ յուրաքանչյուր ոք, հատկապես երեխան,  սիրո եւ ջերմության կարիք ունի:

Հեղինակ՝ Մարիամ Հովունի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։