Կերակրող մայրիկ
Փորձագետի խորհուրդներ

Կերակրող մայրերի խնդիրը

— Կրծքերիս հետ կապված խնդիրներ ունեմ, մաշկս ճաքել է և ցավում է: Ստիպված այդպես կերակրում եմ երեխային: Օգտագործել եմ չիչխանի յուղ, բայց մեկ շաբաթից վիճակը կրկնվում է:
Ա. Ղարաբաղցյան

Կերակրող մայրերի մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրներից է պտուկների վրա առաջացող ճաքերը, որոնց ցավը կարող է նորածնին մայրական կաթից զրկելու պատճառ դառնալ: Հարցը պարզաբանում է մանկաբույժ Տաթեւիկ Եսայանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ինչի՞ց են առաջանում ճաքերը, եւ արժե՞ այդ դեպքում երեխային կտրել կաթից:
-Հիմնականում նման բարդություններ լինում են առաջնածինների մոտ, եւ դա բնական է: Իհարկե, ցավոտ է, բայց իմ խորհուրդը բոլոր մայրերին` անկախ ամեն ինչից, անպայման շարունակեք կերակրել երեխային, քանի որ մայրական կաթն անչափ կարեւոր է նորածնի նորմալ զարգացման համար: Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ պտուկների ձեւից, երեխային կուրծքը սխալ մոտեցնելու դիրքից մինչեւ հիգիենիկ կանոններին չհետեւելը:

-Ինչպե՞ս կարելի է տնային պայմաններում թեթեւացնել վիճակը:
-Ամենաանվնաս եւ արդյունավետ միջոցը չիչխանի յուղն է, որը հիանալի փափկեցնող, սնուցող եւ մաշկը վերականգնող հատկությամբ է օժտված: Այն մատչելի է եւ կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը, այնպես որ, խորհուրդ կտամ ընթերցողին՝ շարունակել դրա օգտագործումը:

— Կարելի՞ է,  արդյոք, կանխել այս երեւույթը եւ ինչպե՞ս:
— Անշուշտ, կարելի է: Այստեղ կարեւոր է հիգիենայի պահպանումը: Երեխային կերակրելուց հետո կրծքերը եւ հատկապես պտուկները պետք է լվանալ գոլ ջրով, այնուհետեւ չորացնել խավոտ սրբիչով: Կրծքին մնացած հին կաթը կարող է ճաքերի պատճառ դառնալ: Որպես լրացուցիչ կանխարգելիչ միջոց խորհուրդ կտայի նախածննդյան եւ հետծննդյան շրջանում գտնվող կանանց՝ կրել հղիների եւ կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ կրծկալներ, որոնք ֆիքսում են կրծքերի դիրքը, հարմար են, նուրբ, հակաալերգիկ եւ որոշ չափով կարող են կանխարգելել կողմնակի բարդությունները:
Ընդհանրապես, կրծքերի խնամքն անհրաժեշտ է սկսել երեխայի ծննդից մի քանի ամիս առաջ, երբ կաթնագեղձերն արդեն սկսում են գործել:

Հ.Գ. Արդյունավետ է Սինտոմիցինի 1%-ոց քսուքը. այն պետք է քսել ճաքերին, իսկ նախքան կերակրելը պետք է կուրծքը լվանալ, նոր կերակրել: Հղիության ընթացքում կաթնագեղձերի ամենօրյա մերսումը եւ խնամքը կանխում է ոչ միայն պտուկների ձեւախախտումը, այլեւ ճաքերի առաջացումը եւ կաթնագեղձի  բորբոքումը:

Հեղինակ՝ Արփինե Անդրեասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։