Կակազությունն ուղղվող լեզվական թերություն է
Կակազելը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի երկրորդ տարում: Այս երեւույթի կանխարգելման հարցում կարեւոր է ծնողների դերը:
Թեմայի շուրջ զրուցեցինք մանկաբույժ Շողիկ Մարգարյանի հետ:
-Ինչպիսի՞ երեւույթ է կակազությունը:
-Կակազությունը հաճախ ժառանգական թերություն է: Տղաների մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան` աղջիկների: Երբեմն առաջանում է ձախլիկին աջլիկ դարձնելու փորձեր կատարելիս: ՈՒղեղի այն մասը, որը կառավարում է գերիշխող ձեռքի շարժումը, սերտորեն կապված է խոսքը կառավարող մասի հետ: Երբ ստիպում են երեխային օգտագործել ոչ այդ ձեռքը, դա ազդում է նրա խոսքի վրա:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Միջավայրը կարո՞ղ է երեխայի կակազելու պատճառ դառնալ:
-Շատ հաճախ կակազելը կախված է երեխայի հուզական վիճակից: Նյարդային երեխաներն ավելի հաճախ են տառապում կակազությամբ: Որոշ երեխաներ կակազում են միայն այն ժամանակ, երբ գրգռված են կամ խոսում են որոշակի մարդու հետ: Կակազելու ենթակա են նաեւ այն երեխաները, որոնց մեծերն օրվա ընթացքում ոչ մի րոպե հանգիստ չեն թողնում. խոսում են, հեքիաթներ պատմում, ստիպում են արտասանել, ներկայացնում են ծանոթներին: Երբեմն էլ կակազում են, երբ ծնողները հանկարծ որոշում են ավելի խիստ կարգապահություն սահմանել, ազդում են նաեւ ընտանեկան բարձրաձայն վեճերը:
-Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ երեխան սկսում է կակազել կյանքի երկրորդ տարում:
-Այդ հասակում երեխան մեծ ջանքեր է թափում իր խոսքի վրա: Սկզբում նա խոսում է բառակապակցություններով, որ ինքն է հորինում: Երկու տարեկանից հետո փորձում է խոսել ավելի երկար նախադասություններով, որպեսզի ավելի բարդ մտքեր արտահայտի: Նա 3-4 անգամ սկսում է նախադասությունն ու կանգ առնում, որովհետեւ չի կարողանում գտնել անհրաժեշտ բառերը: Երեխայի մշտական թերի ու անավարտ մտքի շատախոսությունը հաճախ ձանձրացնում է մեծերին, եւ այդ պատճառով նրանք երեխային պատասխանում են համառոտ ու ցրված, շարունակելով զբաղվել իրենց գործերով: Երեխան հուսահատվում է, որ չի կարողանում գրավել ուշադրություն: Եվ դա նույնպես ազդում է խոսքի վրա:
-Իսկ ինչպե՞ս կարելի է վերացնել կակազելը կամ գոնե օգնել երեխային հաղթահարել այդ շրջանը:
-Տասից ինը դեպքում կակազելն անցնում է ինքնիրեն, մի քանի ամսում: Միայն բացառիկ դեպքերում կակազելը դառնում է քրոնիկական: Մի՛ փորձեք ուղղել երեխային, ավելի լավ է հետեւեք, թե ինչից է առաջնում նրա նյարդային լարվածությունը:
Եթե չափից ավելի են խոսում երեխայի հետ ու ստիպում նրան խոսել, ապա պետք է աշխատել ետ վարժվել այդ սովորությունից: Նրա հետ պետք է խաղալ հիմնականում գործողությունների օգնությամբ, այլ ոչ թե խոսքի:
Ծնողներին խորհուրդ կտամ աշխատեն հնարավորինս հանգիստ եւ համբերատար լինել, եւ թողնել, որ երեխան լինի նախաձեռնողը:
Այդ շրջանում երեխաների վրա դրականորեն է ազդում մյուս երեխաների հետ շփվելը: Հաճախակի հյուր կանչեք հասակակից երեխաներին, տարեք մանկական խաղահրապարակ եւ այլն:
-Բժշկուհի՛ Մարգարյան, կա՞ն արդյոք հատուկ վարժություններ, որոնց միջոցով հնարավոր լինի ուղղել երեխայի լեզվական թերությունը, եւ ի՞նչ խորհուրդ կտաք կակազող երեխաների ծնողներին:
-Խորհուրդ կտամ բոլոր ծնողներին, եթե երեխան ինչ-որ բան է ասում, աշխատեք մինչեւ վերջ ուշադրությամբ լսել, որ չբարկացնեք նրան: Իսկ խոսքն ուղղելու հատուկ դպրոցներ գոյություն ունեն, որտեղ շատ հաճախ, բայց ոչ միշտ, օգնում են ուղղել լեզվական թերությունները: Այդ պարապմունքներն առանձնապես արժեքավոր են դպրոցահասակ երեխաների համար: Բայց եթե երեխան նյարդային, դյուրագրգիռ է, ապա ավելի լավ է նախ խորհրդակցել մանկական հոգեբանի հետ, որպեսզի փորձեք գտնել ու վերացնել բարկության պատճառները:
Սովորաբար, կակազելը տեւում է մի քանի ամիս՝ մերթ սաստկանալով, մերթ մեղմանալով:
Մի՛ սպասեք, որ կակազությունը միանգամից կդադարի, գոհացեք աստիճանական առաջադիմությամբ:
Վերջում հավելեմ, որ կակազելը չպետք է շփոթել թլվատության հետ: