Առողջ աղջիկ
Փորձագետի խորհուրդներ

Իմունիտետը` մարդու առողջության նախահիմք

— Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը:
Լիլիթ

Ինչպես հայտնի է, օրգանիզմի պաշտպանողական համակարգը՝ իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության:
Իմունային համակարգի և մեր ընթերցողներին հաճախ հուզող հարցերի մասին ավելի մանրամասն զրուցեցինք բժիշկ-թերապևտ Վալերի Ադամյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ի՞նչ է իմունիտետը (օրգանիզմի դիմադրողականություն):
— Իմունիտետը մեր օրգանիզմը պաշտպանում է  վարակիչ բակտերիաներից և օտարածին նյութերից: Այն մեր մարմնի երկրորդ պաշտպանական ֆունկցիան է. առաջին պաշտպանական ֆունկցիան իրականացնում է մաշկն ու լորձաթաղանթը: Հակածին գործոնների ազդեցությամբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք փոխազդեցության մեջ են մտնում հակածինի հետ և վնասազերծում են այն:
Իմունիտետը լինում է բնածին և ձեռքբերովի:
Բնածինի դեպքում  օրգանիզմը հակամարմիններն ստանում է ժառանգաբար:
Ձեռքբերովի իմունիտետն իր հերթին լինում է ակտիվ և պասիվ:
Բնական ակտիվ ձեռքբերովի իմունիտետը ձևավորվում է, երբ մարդն ինքնաբերաբար հիվանդանում է, և առաջանում են համապատասխան հակամարմիններ:
Արհեստական ակտիվ ձեռքբերովի իմունիտետ առաջանում է մարդու կողմից պատվաստանյութերի ներարկման ձևով:
Պասիվ ձեռքբերովի իմունիտետը ձևավորվում է, երբ հակամարմինները մոր օրգանիզմից փոխանցվում են պտղին և մինչև 6 ամիս պաշտպանում վարակիչ հիվանդություններից:

-Ինչպե՞ս կարող է մարդը հասկանալ, որ օրգանիզմի դիմադրողականությունն ընկել է:
-Երբ մարդն առանց որևէ կոնկրետ լարվածության անընդհատ թուլություն է զգում, գլխացավեր է ունենում, սկսում է հաճախակի հիվանդանալ, ընդհուպ մինչև ամիսը 2-3 անգամ, այդ ամենն արդեն ահազանգում է, որ նրա օրգանիզմի դիմադրողականությունն ընկած է:

-Կա՞ն խոցելի խմբեր, որոնց մոտ իմունիտետն ավելի հաճախ է ընկնում:
-Այո՛, հիմնականում լինում է քրոնիկական հիվանդություններ ունեցողների, օրինակ՝ շաքարախտով հիվանդների, թոքերի կամ սրտի  քրոնիկական հիվանդություն ունեցողների մոտ, այսինքն՝ երբ  կա որեւէ օրգանի ոչ լիարժեք աշխատանք:

— Ի՞նչ գործոններ կարող են նպաստել դիմադրողականության անկմանը:
— Առաջին հերթին՝ սխալ սնվելը, առանց դիետոլոգի հետ խորհրդակցելու խիստ սննդակարգերին հետեւելը: Հաճախակի սթրեսային իրավիճակներում գտնվելը ևս թուլացնում է իմունային համակարգը, թուլանում է հակամարմինների արտադրման գործընթացը:
Իմունային համակարգի լավ աշխատանքին խոչընդոտում է նաև ալկոհոլի չարաշահումը. տուժում է լյարդը,  որտեղ տեղի է ունենում հակամարմինների ակտիվացում, վերափոխում:
Կարևոր է նաև աղիների ճիշտ գործունեությունը: Մարդու օրգանիզմում արտադրվում են շատ տոքսիններ, և, եթե այդ տոքսինները դուրս չգան, ապա կնպաստեն դիմադրողականության անկմանը:
Օրգանիզմի դիմադրողականության վրա ազդում է նաև եղանակների անցումային շրջանում սխալ ընտրված հագուստ կրելը:
Չափից ավելի և առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկների ընդունումը նույնպես վնասում է իմունային համակարգը: Այսինքն՝ եթե հակաբիոտիկները հաճախակի են օգտագործվում, բակտերիաները կարողանում են դիմակայել այդ հակաբիոտիկներին, և բակտերան նորից է “հարձակվում”:

-Իսկ ինչպիսի՞ բնական միջոցներով կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
— Պետք է հետևել ճիշտ սննդակարգի, ընդունել օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տարրերը՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ, իհարկե՝ չափավորված: Իմունային համակարգի ամրացմանը հատկապես նպաստում է C վիտամինը, որը մեծ քանակությամբ պարունակվում է ցիտրուսային մրգերի, կաղամբի, մասուրի մեջ: Պետք է անպայման սննդակարգում ներառել միս, մեղր, ընդեղեն, մրգեր, բանջարեղեն՝ գազար, կաղամբ, բազուկ, դդմիկ, կանաչ պղպեղ, սոխ, սխտոր, կանաչեղեն: Հիշե՛ք, որ ամեն սեզոնին պետք է ընդունել այդ սեզոնին հատուկ  միրգն ու բանջարեղենը, քանի որ հաջորդ սեզոնին դրանք այլևս չեն լինի, իսկ բացը կլրացվի  քիմիկատներով մշակված տեսակներով, որոնք ավելի շատ վնաս կհասցնեն օրգանիզմին, քան օգուտ կտան:
Եվ ավելի ճիշտ է ընդունել բնական տեսքով, քան պահածոյացված, քանի որ վիտամինների մեծ մասը պահածոյացնելիս կորչում է:

-Օրգանիզմի դիմադրողականության  բարձրացմանը որքանո՞վ են օգտակար ֆիզիկական ակտիվությունը, սպորտով զբաղվելը:
-Եթե չչափազանցնեմ, ապա 80%-ով, մանավանդ, եթե սիրողական է,  քանի որ սպորտի պրոֆեսիոնալ  մարզումներն օրգանիզմը ծայրահեղ լարում են՝ սթրեսի են ենթարկում: Ֆիզիկական ակտիվության և մարզումների հետ մեկտեղ, եթե ապահովվի ճիշտ սնունդը, մարդը կունենա ամուր իմունային համակարգ:

— Եվ վերջում, բժի՛շկ, մեր ընթերցողներին կառաջարկե՞ք բնական միջոցներով պատրաստված բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
-Շատ օգտակար է մասուրի թուրմը, կանաչ թեյը, կոճապղպեղի  արմատներով կամ հաղարջով պատրաստված թեյերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, C վիտամին և օգնում են պայքարել վիրուսների դեմ: Բայց նշեմ, որ թվարկվածներն ունեն նաև հակացուցումներ. մասուրը հակացուցված է երիկամային խնդիրներ ունեցողներին. այն պարունակում է մազմզուկներ, որոնք կարող են ավելի խցանել երիկամները:
Կոճապղպեղից պետք է խուսափեն նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց:
Պետք  է հիշել, որ կանաչ թեյը, շատ օգտակար լինելով հանդերձ, չարաշահելու դեպքում կարող է  վնասել օրգանիզմը:

Եթե չկան հակացուցումներ, ուրեմն կարելի է կիրառել հետեւյալ միջոցները:

Մասուրի թուրմ.  վերցնել 2 ճաշի գդալ չորացրած մասուր, վրան լցնել 0.5 լիտր եռացրած ջուր և թրմել 5-6 ժամ: Ընդունել օրական 2-3 անգամ, 0.5-ական բաժակ, ուտելուց առաջ: Կարելի է ավելացնել մեղր, որն էլ ավելի կբարձրացնի օգտակարությունը:

Հաղարջով թեյ պատրաստելու համար վերցնել մեկ ճաշի գդալ թարմ հաղարջ, գդալով տրորել, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, ցանկության դեպքում՝ նաև մեղր:

Կոճապղպեղի արմատով թեյ. վերցնել 2 թեյի գդալ կոճապղպեղի արմատի փոշի, ավելացնել 250 մլ եռացրած ջուր, թողնել 7-10 րոպե: Կարելի է   ավելացնել կիտրոն եւ մեղր:

Եղե՛ք  առողջ

Հեղինակ՝ Լուսինե Ներսեսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։