Տխուր տղամարդ
Փորձագետի խորհուրդներ

Գիշերամիզություն. հիվանդությո՞ւն, թե՞ սովորություն

— 21 տ. եմ, տառապում եմ գիշերամիզությամբ: Ինչի՞ հետ է կապված, ի՞նչ խորհուրդներ կտաք:
Անանուն
— 63 տ. եմ, ունեմ  միզարձակման ոչ մշտական  խանգարումներ: Դա միզապարկի բորբոքումի՞ց է, թե՞ կարող են լինել այլ պատճառներ:
Մշտ. ընթ. Երեւանից

“Տնային առողջարանի” հերթական համարի հրատապ թեմաների՝ էնուրեզի կամ գիշերամիզության եւ ուրոլոգիական այլ խնդիրների մասին հանրամատչելի եւ սպառիչ պատասխաններ ստանալու ակնկալիքով զրուցեցինք բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Էդուարդ Լեւոնի Երզնկյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ինչպե՞ս է արտահայտվում գիշերամիզությունը:
— Գիշերամիզությամբ տառապող մարդն արթուն ժամանակ նման խնդիր չունի: Հնարավոր է, որ միզի նաեւ ցերեկը, բայց կրկին քնած ժամանակ:

-Ի՞նչ սեռի եւ տարիքի մարդկանց մոտ է առավել հաճախ նկատվում այդ երեւույթը:
-Գիշերամիզությունը, որպես այդպիսին, անցողիկ երեւույթ է: Այն հիմնականում հանդիպում է մանկահասակ տղաների մոտ եւ անցնում է մինչեւ 3-4 տարեկանը՝ ճիշտ դաստիարակության դեպքում, եւ եթե պայմանավորված չէ բնական արատների առկայությամբ:

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր նշած ժամկետը:
-Սովորաբար, այդ տարիքում ուղեղի կենտրոնները եւ ողնաշարի նյարդային համակարգն արդեն այնպիսին են, որ միզելու ցանկության հետ երեխան գիշերն ինքնաբերաբար արթնանում է: Սակայն, դրանց խանգարումների դեպքում հնարավոր է, որ էնուրեզը պահպանվի մինչեւ 18 տարեկանը եւ անցնի սեռական հասունացման հետ:

-Իսկ հնարավո՞ր է, որ անգամ չափահասության հետ այդ երեւույթը չանցնի:
-Կարող է պատահել, հազվագյուտ դեպքերում: Այդ պարագայում պատճառը շատ ավելի լուրջ է՝ ողնաշարային հիվանդություն, հոգեկան խանգարում, գլխուղեղի հետ կապված խնդիրներ կամ վնասվածքներ:

-Ինչպե՞ս կարելի է բուժել գիշերամիզությունը:
-Եթե գիշերամիզության պատճառը վնասվածքներն են, հնարավոր է խնդիրը լուծել բուժման միջոցով, սակայն, ընդհանուր առմամբ, գիշերամիզությունը բուժման ենթակա չէ: Ցավալի է, բայց մեր զորակոչային տարիքի երիտասարդների մեջ կան  այնպիսիք, որոնք բանակային ծառայությունից խուսափելու նպատակով հենց այս հիվանդությունն են շահարկում` միգուցե տեղյակ չլինելով, որ սա շատ հազվագյուտ երեւույթ է:

— Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի գիշերամիզությամբ իսկապես տառապող մարդը:
— Նախ՝ երեկոյան ժամերին պետք է աշխատի հնարավորինս քիչ հեղուկներ օգտագործել, այնուհետեւ՝ ամեն գիշեր ջանա գոնե մեկ անգամ արթնանալ եւ դատարկել միզապարկը: Մանուկ հասակում դա պետք է վերահսկեն ծնողները՝ գիշերը նրան արթնացնեն որոշակի ժամերի, որպեսզի երեխան գնա միզելու, մինչեւ որ փոքրիկի մոտ ռեֆլեքս առաջանա, ինչի շնորհիվ այդ երեւույթը կանցնի:

— Կա՞ն  գիշերամիզությանը նպաստող հոգեբանական նախադրյալներ:
— Իհարկե կան, դրանք են՝ վախը, ճնշվածությունն ու ընկճվածությունը, սթրեսները, սակայն նշված պատճառները եւս անցողիկ են: Ամեն դեպքում, չի կարելի երեխային ճնշել, ծեծելով քնացնել, նյարդայնացնել կամ մորը չանհանգստացնելու համար ամբողջ գիշեր նրան ծծակով թեյ, կաթ տալ: Պետք է ասեմ, որ փորձվել են տարբեր մեթոդներ՝ ե՛ւ ֆիզիոթերապեւտիկ, ե՛ւ հոգեթերապեւտիկ, որոշ առաջխաղացում, իհարկե, եղել է, բայց գիշերամիզությունը միայն մեկ օրգանի հիվանդություն չէ, որպեսզի հենց դա բուժվի եւ խնդիրը լուծվի, այն կապված է գլխուղեղի, ողնուղեղի, նյարդային համակարգի հետ:

— Ի՞նչն է հակացուցված գիշերամիզության դեպքում:
— Պետք է խուսափել մրսելուց (դա խթանում է միզաթուլությունը), փափուկ անկողնում քնելուց, քանի որ այդ  դեպքում թուլանում է ամբողջ օրգանիզմը՝ այդ թվում նաեւ միզապարկի փականները, եւ ինչպես արդեն նշեցինք՝ երեկոյան շատ հեղուկներ օգտագործելուց:

— Բժիշկ, մեր ընթերցողը 21 տարեկան երիտասարդ է, տառապում է գիշերամիզությամբ եւ ցանկանում է պարզել` արդյո՞ք իր դեպքը եւս կապված է տարիքի հետ:
— Կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, գիշերամիզությունը պայմանավորված է այլ հանգամանքներով, քանի որ որպես անցողիկ երեւույթ դա պետք է վաղուց անցած լիներ: Հարգարժան ընթերցողին թվարկածս խորհուրդներին հետեւելուց բացի, խորհուրդ կտայի անցնել նյարդային՝ գլխուղեղի, ողնուղեղի, ինչպես նաեւ ուրոլոգիական մանրազնին հետազոտություններ:

— Երկրորդ ընթերցողը 63 տարեկան կին է, որն ունի միզարձակման ոչ մշտական խանգարումներ: Ինչո՞վ է դա պայմանավորված, միգուցե միզապարկի բորբոքմամբ:
— Գիտեք, հատկապես տարեց կանանց մոտ միզաթուլության խանգարումները կապված են լարվածության միզաթուլության հետ: Մեզի մի քանի կաթիլ կարող է հոսել հազալիս, ծանրություն բարձրացնելիս, պառկած կամ նստած տեղից ոտքի կանգնելիս: Այս երեւույթը հաճախ կապված է օրգանների իջեցման հետ: Ինչ վերաբերում է միզապարկի բորբոքմանը, ապա դրանից հնարավոր է, որ հիվանդը հաճախ միզի կամ միզելու ցանկություն ունենա, բայց չհասցնի, կամ էլ գործ ունենք տարիների պատմություն ունեցող բորբոքման հետ: Ես հակված եմ այն կարծիքին, որ տիկնոջ մոտ կանացի օրգանների ֆիզիոլոգիական, անատոմիական խախտում է: Խորհուրդ կտայի, որ նա անպայման դիմի բժշկի. ճիշտ է, նշված դեպքում դեղամիջոցներն արդյունք չեն տա, բայց վիրահատական միջամտությամբ հնարավոր է լուծել խնդիրը: Դեղորայքային բուժում արդյունավետորեն կարելի է կիրառել մեկ այլ տհաճ երեւույթի՝ քիչ քանակներով եւ հաճախակի միզելու դեպքում: Դա միզաթուլություն չէ, անզուսպ միզարձակություն է, որի պատճառը գերակտիվ միզապարկն է եւ կապված է նյարդերի բարձր կծկողականության հետ:

— Շնորհակալություն մանրամասն եւ բազմակողմանի մեկնաբանության համար: Ի՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին:
— Չափազանց հարգելով մեր կանանց եւ մաղթելով նրանց քաջ առողջություն` կցանկանայի խոսքս ուղղել տղամարդկանց, կոչ անելով 40 տարին բոլորած անձանց անպայման դիմել մասնագետի, եթե նկատում են միզարձակության խնդիրներ. դրանք կարող են արտահայտվել մեզի բարակ եւ հաճախակի շիթի տեսքով, միզարձակման թույլ ուժով, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողությամբ, մեզի մեջ արյան կաթիլների առկայությամբ:
Չի կարելի անտարբերության մատնել նման երեւույթները, քանի որ դրանք կարող են բորբոքումներից եւ բարորակ նորագոյացություններից հասցնել մինչեւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների առաջացման: Աշխատանքային 30 տարվա փորձ ունեմ եւ մի երկու տասնամյակ առաջ, եթե որեւէ հիվանդ էր գալիս շագանակագեղձի ուռուցքով, նրան ցանկանում էինք զննել բոլորս՝ այդ հիվանդության մասին իրական տպավորություն ունենալու համար, դա հազվագյուտ երեւույթ էր: Այժմ մեր կենտրոնում, ցավոք, այնպիսի ամիս չի լինում, որ “շագանակագեղձի ուռուցք” ախտորոշումը չկայացնենք: Դա ծանր հիվանդություն է, պահանջում է երկարատեւ եւ թանկարժեք բուժում, բայց հաճախ հիվանդները դիմում են այն ժամանակ, երբ վիրահատական միջամտությունը կամ դեղորայքային բուժումն արդեն անիմաստ են, իսկ ճառագայթային թերապիան՝ անարդյունավետ: Ուստի կոչ եմ անում` սեփական առողջության նկատմամբ լինել աչալուրջ եւ դիմել մասնագետի օգնությանը՝ ամենափոքր անհանգստության, չնչին նշանների դեպքում անգամ:
Հիշե՛ք, որ կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը:

Հեղինակ՝  Արփինե Անդրեասյան

44 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։