Գանգատվում են տղամարդիկ
Փորձագետի խորհուրդներ

Գանգատվում են տղամարդիկ

«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:

-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:

-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:

-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:

-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ  ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա  զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:

— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:

— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան

1,170 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։