Ծանո՞թ եք շողասնկախտին
— Խնդրում եմ մանրամասն գրել շողասնկախտ հիվանդության ախտանիշների եւ բուժման մասին:
Մանվել
Հետաքրքիր է շողասնկախտի հետազոտման պատմությունը: Հիվանդությունը հայտնի է շատ վաղուց: Հետազոտողները շողասնկախտի նման փոփոխություններ են նկատել ռնգեղջյուրի մոտ: Որպես ինքնուրույն հիվանդություն այն հիշատակվել է շուրջ 100 տարի առաջ: Առաջին անգամ հայտնաբերվել է անասունի օրգանիզմում:
Անհավանական է, բայց միկրոսկոպիկ մեծության սունկը` շողասունկը (ճառագայթասունկ), որը եւ առաջացնում է այս հիվանդությունը, կարող է նույնիսկ հանգեցնել մահվան:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ախտահարված հյուսվածքների հյուսվածաբանական հետազոտման ժամանակ հայտնաբերվում են մանր թելերից բաղկացած կծիկներ` շրջապատված ճառագայթաձեւ հեռացող եւ գնդասեղանման հաստացումներ ունեցող թելերով, որտեղից էլ առաջացել է անվանումը (հուն.actis` շող + mykes` սունկ):
Շողասնկերը դանդաղ են աճում, զգայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ. 70-80 C ջերմաստիճանում ոչնչանում են 5 րոպեում: Դրանք ցածր ջերմաստիճանում պահպանվում են 1-2 տարի: 3-5 րոպեում ոչնչանում են ֆորմալինի 3%-անոց լուծույթում:
Շողասնկերը գտնվում են հիմնականում հացազգի բույսերի հասկերում: Այս սունկն ունի հողի յուրահատուկ հոտ, իսկ դրանով ախտահարված ցորենը` բաց դարչնագույն եւ կլորավուն բծեր:
Այս քիչ ծանոթ, բայց հետաքրքիր ու կարեւոր հիվանդության մասին տեղեկություններ հաղորդեց մեզ թիվ 19 պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Մետաքսյա Թորոսյանը:
— Ի՞նչ է շողասնկախտը:
-Շողասնկախտը (ակտինոմիկոզ) քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Հարուցիչը տարբեր տեսակի ճառագայթասնկերն են (ակտինոմիցետներ): Ախտահարվում են կենդանիները (առավելապես խոշոր եղջերավոր) եւ մարդիկ:
Հաճախ հիվանդանում են տղամարդիկ:
Հիվանդության գաղտնի շրջանը կարող է շարունակվել 2-3 շաբաթ` հարուցիչի ներթափանցման պահից: Երբեմն կարող է լինել ավելի երկարատեւ գաղտնի շրջան:
— Որո՞նք են շողասնկախտի առաջացման պատճառները:
-Հիվանդության հարուցիչները տարածվում են հողում, հացազգի բույսերի հասկերում, շատ կենդանիների մարսողական համակարգում: Դրանք գտնվում են ջրանցքներում, ջրի խողովակներում, աղբյուրի ջրում, տաք հանքային ջրերում եւ այլն: Շողասնկերն անվնաս են եւ որպես սապրոֆիտներ գրեթե միշտ ապրում են մարդկանց բերանի խոռոչում, աղեստամոքսային ուղու լորձաթաղանթների վրա, վերին շնչուղիներում: Միայն որոշակի պայմաններում, երբ թուլանում է օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունը՝ հղիություն, սուր շնչառական հիվանդություններ, ալերգիկ վիճակներ, հարատամնաբորբի, թոքաբորբի, տուբերկուլոզի, շաքարախտի հետեւանքով առաջացած հյուսվածքների եւ օրգանների տեղային փոփոխություններ, սնկերը կարող են ձեռք բերել ախտածին հատկություններ: Հաճախ շողասնկախտ առաջանում է վիրահատությունների բարդացման արդյունքում, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցերի վնասվելու դեպքում եւ այլն: Շատ հազվադեպ վարակվում են այն ժամանակ, երբ շողասնկերը շրջակա միջավայրից թափանցում են անմիջապես վնասված մաշկով կամ լորձաթաղանթով:
Ախտածին ճառագայթասնկերն ի հայտ են գալիս 2 տարատեսակով` աէրոբ եւ անաէրոբ: Առաջինները վարում են մակաբույծ կյանք, երկրորդները ազատ` բնության մեջ: Հարուցիչները տարածվում են (օրգանիզմ են թափանցում) սննդի, շնչառության, շփման (երբ արտաքին միջավայրից թափանցում են վնասված մաշկի կամ լորձաթաղանթի մեջ) եւ արյան հոսքի միջոցով:
Այսպիսով, աղիների կամ թոքերի շողասնկախտ կարող է առաջանալ ճառագայթասնկերով վարակված տարեկանի, ցորենի եւ այլ հացաբույսերի հասկերի քիստերը կուլ տալիս կամ դրանք շնչառական ուղիներ ընկնելիս:
-Բժշկուհի’ Թորոսյան, նշանակում է, որ օրգանիզմի դիմադրողականության անկումը կարո՞ղ է այս հիվանդության պատճառ դառնալ:
-Այո՛, տեղակայվելով դիմադրողականությունը կորցրած հյուսվածքներում` շողասնկերն առաջացնում են յուրահատուկ բորբոքային օջախներ:
-Ինչպե՞ս է արտահայտվում շողասնկախտ հիվանդությունը:
-Հիվանդությունն արտահայտվում է դիմածնոտային, թոքի, մաշկի, որովայնի, միզասեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով: Շողասնկախտ հաճախ առաջանում է ծնոտների եւ պարանոցի մաշկի վրա, ինչպես նաեւ որովայնի խոռոչի օրգաններում եւ թոքերում: Առաջինի ընթացքը համեմատաբար թեթեւ է՝ համեմատած մյուս ձեւերի հետ: Տարածվածությամբ երկրորդ տեղն է գրավում թոքերի շողասնկախտը, որի ընթացքը ծանր է: Չբուժվելու դեպքում հիվանդները մահանում են: Որովայնի խոռոչի օրգանների շողասնկախտընույնպես հաճախ է հանդիպում (գրավում է 3-րդ տեղը):
— Ինչպե՞ս է արտահայտվում շողասնկախտը:
— Շողասնկախտով ախտահարման դիմածնոտային եւ որովայնային ձեւերը կազմում են բոլոր ձեւերի 80%-ը, թոքերի ախտահարումները` 15-17%-ը: Մակերեսային շողասնկախտի դեպքում (երբ շողասնկերը շրջակա միջավայրից թափանցում են վնասված մաշկով կամ լորձաթաղանթով) մաշկի եւ լորձաթաղանթի վրա առաջանում են կապտավուն կամ կարմրավուն, շոշափելիս` պինդ, քիչ ցավոտ ուռուցքների տեսքով խոշոր բորբոքային օջախներ, որոնց մեջ կան թարախային խոռոչներ: Այդտեղից թարախը դուրս է գալիս, եւ առաջանում են բազմաթիվ խուղակներ: Որովայնի խոռոչի օրգանների եւ թոքերի ախտահարումները դրսեւորվում են դրանց գործունեության խանգարումներով:
— Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը:
-Անցկացվում է արյան, մեզի լաբորատոր հետազոտություն, ուռուցքների միկրոկենսաբանական հետազոտություն (ախտորոշմանն օգնում է նաեւ մաշկային ալերգիկ փորձն ակտինոլիզատով` թարախային արտադրությունների մեջ հարուցիչների հայտնաբերման համար), ռենտգենյան հետազոտում եւ այլն:
-Իսկ ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել այս հիվանդությունը:
-Ժամանակին բժշկի չդիմելու դեպքում բորբոքային օջախը տարածվում է խորքից դեպի դուրս, օրինակ` թոքից կրծքավանդակի պատին` ներառելով մաշկը, եւ հանգեցնում է խուղակների առաջացման: Նշեմ, որ որքան շուտ սկսվի բուժումը, այնքան արդյունավետ այն կլինի: Այժմ կան բազմաթիվ միջոցներ, որոնք հաջողությամբ պայքարում են շողասնկախտի դեմ:
-Ո՞ւմ դիմել, ո՞ր բժիշկը կարող է օգնել շողասնկախտի դեպքում:
-Շողասնկախտ հանդիպում է տարբեր մասնագիտության բժիշկների պրակտիկայում (ատամնաբույժների, վիրաբույժների, քիթ-կոկորդի բժիշկների): Անհրաժեշտ է մաշկաբանի խորհրդատվությունը` մաշկի ախտահարումը, ատամնաբույժինը` բերանի խոռոչի, քիթ-կոկորդի բժշկինը` նշագեղձերի ախտահարումը բացառելու համար:
-Կանանց սեռական օրգանների շողասնկախտ լինո՞ւմ է:
— Կանանց դեպքում շողասնկախտով հիվանդանալու վտանգի գործոններն են վնասվածքները, ներարգանդային պարույրների երկարատեւ օգտագործումը, արհեստական վիժման բարդացումները, արգանդի երկար ձգվող բորբոքային քրոնիկական հիվանդությունները: Բուժման համար անհրաժեշտ է առաջին հերթին հեռացնել ներարգանդային պարույրը:
-Մի փոքր էլ խոսեք թոքերի շողասնկախտի մասին:
-Թոքերի շողասնկախտի դեպքում սկզբում նկատվում է թուլություն, հազ: Թոքերի շողասնկախտ հաճախ հանդիպում է գարնանային, ամառային շրջանում: Անհրաժեշտ է կատարել թոքերի ռենտգենյան հետազոտում եւ համակարգչային շերտագրություն:
-Ինչպե՞ս է իրականացվում հիվանդության բուժումը:
-Բուժումը համալիր է: Այն ներառում է ընդհանուր եւ տեղային բուժումներ. վիրաբուժական միջամտություն, իմունոթերապիա, ֆիզիոթերապեւտիկ արարողակարգ: Լավագույն արդյունքները տալիս է հակաբիոտիկների, իմունոթերապիայի եւ յոդային պատրաստուկների համադրումը: Պետք է բուժել հիվանդի մոտ գոյություն ունեցող այլ հիվանդությունները, եթե այդպիսիք կան:
-Եվ վերջում, Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
-Ինչպես հայտնի է, ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը, ուստի խորհուրդ կտամ ժամանակին բուժել տարբեր բորբոքային (հատկապես` բերանի խոռոչի եւ ատամների) հիվանդությունները: Կարեւոր է բուժել լնդերի հիվանդությունները, ատամների ոսկրափուտը եւ այլն, հետեւել հիգիենայի կանոններին (բերանը չդնել հում ցորեն եւ ընդհանրապես հացազգի բույսեր եւ այլն), ժամանակին բուժել գոյություն ունեցող հիվանդությունները: