Արգանակն ընդդեմ կոտրվածքների
— Հոդերի ոսկրերի կոտրվածքների դեպքում օգտակա՞ր են արդյոք հավի տոտիկները: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված եւ ինչքա՞ն ժամանակ կարելի է օգտագործել:
Ամալյա, Երեւանից
Ոսկրերի կոտրվածքներ պատահում են բոլոր հոդերում, բայց առավել հաճախ հանդիպում են կրունկոսկրի, վերնոսկրի կոտրվածքներ, որոնք մեծ մասամբ լինում են փակ եւ ախտորոշելու համար անհրաժեշտ է ռենտգենյան հետազոտություն կատարել: Ոսկրերի կոտրվածքներ, մանավանդ ցատկիչ հոդում, պատահում են վայր ընկնելուց, սայթաքելուց, ցատկումներից, սրնքամկանի չափից ավելի ուժեղ կծկումից, մեծ եւ փոքր մկանների հատումից:
Կոտրված հատվածը շոշափելիս զգացվում է այտուց, հենվող ոտքի ուժեղ արտահայտված կաղություն, երբեմն վերքից հոսում է զուսպախառը թարախային արտազատուկ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, հոդը տրորելիս լսվում է ճարճատյուն:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Բուժման ընթացքում առաջին հերթին պետք է սննդակարգից բացառել թթու, կծու ուտելիքները՝ փոխարենն ընդգրկելով սելենով հարուստ մթերքներ, ինչպես նաեւ սխտոր եւ խնձորի քացախ: Բորբոքումը պետք է բուժել հակաբիոտիկներով: Բուժումը պետք է կազմակերպել այնպես, որ հարակից հյուսվածքները չընդգրկվեն գործընթացի մեջ, քանի որ այդ դեպքում ոսկրաճառները քայքայվում են, եւ առաջանում են խոցեր: Այդ դեպքում ոսկրաճառը, խառնվելով զուսպանյութի հետ, առաջացնում է վերջինիս պղտորում:
Հոդապարկի մեջ ներթափանցում է շարակցական հյուսվածքը, եւ դրա հետեւանքով առաջանում է վերնոսկրի բորբոքում, երեւում են ոսկրային գերաճեր, որոնք, միանալով միմյանց հետ, առաջացնում են անկիլոզներ, երբ հոդային մակերեսները միմյանց հետ զոդվում են:
Հիմնական բուժմանը զուգընթաց, ժողովրդական բժշկությունն առաջարկում է հավի տոտիկների արգանակ: Իսկ դա պայմանավորված է հավի տոտիկներում պարունակվող սոսնձող, ժելատինանման նյութերի առկայությամբ:
Բուժումը կարելի է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հիվանդն անկաշկանդ, առանց օգնության կարողանա տեղաշարժվել, իսկ դա կախված է բորբոքային գործընթացի ուժգնությունից եւ վաղեմությունից: Կարեւորը բուժումը չհետաձգելն է, քանի դեռ շարակցական հյուսվածք չի աճել: Չնայած կոտրվածքների դեպքում միշտ էլ ապաքինման համար շարակցահյուսվածքային թելիկներ առաջանում են, բայց դրանք չպետք է վերածվեն շարակցահյուսվածքային գերաճի:
Տոտիկների արգանակից բացի, արագ ապաքինմանը կնպաստեն սխտորը, խնձորի քացախը, սելեն պարունակող մթերքները եւ մասուրի թուրմը: