Եթե երեխան ձախլիկ է
Մինչ այսօր դեռ գոյություն ունի այն կարծիքը, թե ձախլիկ լինելը թերություն է: Բացի նրանից, որ որեւէ կենցաղային իր նախատեսված չէ հատուկ ձախլիկների օգտագործման համար, ձախլիկները բախվում են նաեւ այլ խդիրների:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ձախլիկությունը թերություն չէ
Նախկինում գոյություն ուներ թաքնված ձախլիկություն: Աշակերտները ստիպողաբար գրում էին աջ ձեռքով, բայց բնույթով մնում էին ձախլիկ: Անկախ մարդու գիտակցությունից` զգայաշարժողական գործողությունները պահանջում են, որ իր տեղը ունենա առաջատարությունը: Այսպես, շատ ձախլիկներ գրում են աջ ձեռքով՝ օգտագործելով ձախը շատ ուրիշ գործողություններ կատարելու համար:
Այդ գործընթացը ձախլիկների համար դժվար է ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես, քանի որ առարկաների մեծ մասը նախատեսված է աջ ձեռքի համար (դռան բռնակը, երաժշտական գործիքները, ավտոմեքենան): Համակարգիչը կարելի է օգտագործել նաեւ ձախլիկների համար նախատեսված ձեւով: Մարդն ուշադրություն է գրավում, երբ օգտագործում է ձախ ձեռքն ավելի շատ, քան աջը:
— Ի՞նչ է ձախլիկությունը:
— Ձախլիկությունը մարմնի ձախ մասի առաջնությունն է աջ մասի նկատմամբ: Այն պայմանավորված է գլխուղեղի աշխատանքով: Գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը տարբեր ֆունկցիաներ են իրականացնում:
Այս երեւույթը խորությամբ ուսումնասիրել է բարձրագույն նյարդային համակարգի ֆիզիոլոգիան եւ նեյրոֆիզոլոգիան, որը ներթափանցում է գլխուղեղի կիսագնդերի ֆունկցիոնալ ասիմետրիայի առանձնահատկությունների մեջ:
— Որոշ մանրամասներ ասացեք, խնդրեմ, գլխուղեղի աջ կիսագնդի մասին:
— Գլխուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է պատկերավոր մտածողության, հուզական, զգայական, շարժողական գործողությունների համար, որի արդյունքում առաջանում են զգայական պատկերներ: Այն ընկալում է ձայնային ինտոնացիան, գույներն իրենց բոլոր նրբերանգներով:
— Իսկ ի՞նչ կասեք ձախ կիսագնդի մասին:
— Ձախ կիսագունդը համարվում է խոսքային: Այն պատասխանատու է խոսքային ֆունկցիաների, գրի, ընթերցանության, տրամաբանական մտածողության, բառատրամաբանական հիշողության համար: Չնայած կիսագնդերի ֆունկցիոնալ տարբերությանը, գլխուղեղը գործում է որպես մեկ ամբողջություն:
— Իսկ ինչպե՞ս է դա անդրադառնում մարդու մարմնի ձախ եւ աջ մասերին:
— Ձախլիկությունը կարող է լինել զգայական (տեսողական, լսողական), շարժողական (ոտք, ձեռք): Մարդու զույգ օրգանները միատեսակ չեն զարգանում. մեկը միշտ առաջնային է լինում: Մարդու մոտ առաջնային կարող է լինել աջ աչքը, բայց ձախ ձեռքը: Ձախ ձեռքի առաջատարությունը շարժողական ձախլիկության դրսեւորումներից է: Կարելի է այն ստուգել, բայց այնպես, որ երեխան չզգա: Օրինակ` առաջարկեք լսել ժամացույցի սլաքների ձայնը: Ո՞ր ականջին է մոտեցրել:
Առաջարկեք ոտքով հարվածել գետնին: Ո՞ր ոտքն է օգտագործում:
Առաջարկեք երեխային խոշորացույցով նայել: Ո՞ր աչքով է նայում:
— Ինչո՞վ է ձախլիկը տարբերվում մյուսներից:
— Ուղեղի կիսագնդերի եւ ձեռքերի միջեւ գոյություն ունի խաչաձեւում. գլխուղեղի աջ կիսագունդն ապահովում է ձախ ձեռքի աշխատանքը, ձախ կիսագունդը՝ աջ ձեռքի:
Ձախլիկ երեխաներն ավելի հուզական են: Նրանք հաճախ ունենում են երաժշտական լսողություն, օժտված են երաժշտական ու նկարչական ընդունակություններով: Ֆիզիոլոգներն ու հոգեբանները, համատեղ հետազոտելով ձախլիկներին, եկել են այն եզրակացության, որ շատ են այն ձախլիկները, որոնց սերնդական կապերի մեջ եղել են նկարիչներ, պոետներ, երաժշտության բնագավառի ներկայացուցիչներ:
Հետազոտողները փորձել են փնտրել նաեւ այսպիսի ժառանգական կապեր:
— Ո՞ր տարիքում է երեխայի մոտ հայտնաբերվում ձախլիկությունը:
— 3-5 տարեկանում ձեւավորվում է աջ կամ ձախ ձեռքի առաջնայնությունը: Մինչ այդ երեխաներն օգտագործում են ձեռքերը հավասարաչափ՝ պահելով գդալը, պատառաքաղը, գրիչը մեկ աջ ձեռքով, մեկ՝ ձախ:
— Շատ ծնողներ անհանգստանում են, երբ իրենց երեխաները ձախով են գրում, նկարում, այլ ոչ թե՝ աջով: Պե՞տք է արդյոք պայքարել երեխայի ձախլիկության դեմ:
— Հարկ եմ համարում նշել, որ այդ ծնողները անհանգստանում են հատկապես երեխաների դպրոց ընդունվելուց առաջ:
Ձախլիկ երեխան տանը, դպրոցում պետք է նստի այնպես, որ գրելիս չդիպչի ու չխանգարի կողքին նստած աջով գրողին: Անհրաժեշտ է հետեւել, որ լույսն ընկնի աջ կողմից:
Եթե ձախլիկին ստիպում են փոխակերպվել աջլիկի, ապա դա շատ վտանգավոր երեւույթ է: Այսպիսի մի օրինակ՝ անցյալ դարի 30-ական թվականներին Խորհրդային Միությունում, երբ օդաչուներին պատրաստում էին օդապարիկով ինքնաթիռից ցած նետվելուն, անբացատրելի կերպով շատերը մահանում էին վայրէջք կատարելիս: Պարզվում է, որ օդապարիկի ձգանը տեղադրված էր աջ մասում, իսկ թաքնված ձախլիկները հակառակ կողմն էին ձեռքը տանում, եւ օդապարիկը չէր բացվում: Հետազոտությունները ցույց էին տվել, որ մահացության դեպքերը հաճախ պատահում էին հենց ձախլիկների մոտ: Էքստրեմալ պայմաններում, արտակարգ իրավիճակներում, որտեղ գիտակցության վերահսկում չկա, մարդու մեջ խոսում է իր բնությունը, այլ ոչ թե այն, թե ինչ է սովորել:
— Պրն. Պողոսյան, եկե՛ք խոսենք ձախլիկ երեխայի՝ հարկադրաբար աջով գրելու հետեւանքների մասին:
— Նման դեպքերում կարող են առաջանալ թերարժեքության բարդույթ, նեւրոզներ, հնչարտաբերական խանգարումներ, կակազություն, գրի եւ ընթերցանության խանգարումներ` դիսգրաֆիա, դիսլեքսիա, վախ (վախը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է), ախորժակի եւ քնի խանգարում, գլխացավ, աշխատունակության անկում, խոսքի ընդհանուր թերզարգացում:
— Ձեր առաջարկը ծնողներին եւ ուսուցիչներին՝ ինչպես է պետք վարվել ձախլիկ երեխաների հետ:
— Ձախլիկությունը չպետք է վերածվի պրոբլեմի: Ձախլիկ երեխան թերարժեքության բարդույթ չպետք է ունենա. անհրաժեշտ է ընդունել նրան այնպես, ինչպիսին նա կա: Ոչ մի դեպքում չպետք է պարտադրել նրան, որ օգտագործի աջ ձեռքը:
Նշանավոր ձախլիկները
Ձախլիկների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 13-ին: Հանրահայտ ձախլիկներ են Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասսոն, Չարլի Չապլինը, Պոլ Մաքքարթին, Ֆրանս Կաֆկան, Անջելինա Ջոլին, Նապոլեոն Բոնապարտը, Նիկոլ Քիդմանը, Ֆիդել Կաստրոն, Մարկ Տվենը, Բրյուս Ուիլլիսը, Մերլին Մոնրոն, Ռոնալդ Ռեյգանը, Ուինսթոն Չերչիլը, Բիլլ Քլինտոնը, Ջորջ Բուշ ավագը, Ալեքսանդր Մակեդոնացին, Իսահակ Նյուտոնը, Հուլիոս Կեսարը, Ժաննա Դ՚արկը, Արիստոտելը եւ այլն: