Երբ մարել է ցանկությունը
Սե՞րն է սնում ցանկությունը, թե՞ ցանկությունից է բխում սերը: Ըստ երրորդ` ավելի «ժամանակակից» տեսակետի, մեկը մյուսի հետ կապ չունի, և սեքսը պետք է տարբերել սիրուց: Կարծիքները շատ են, չկան միանշանակ պատասխաններ ու բաղադրատոմսեր, բարդ է գտնել դրանք տարանջատող սահմանագիծը, բայց մի բան հստակ է. սեռական կյանքին վերաբերող ցանկացած խնդիր մարդուն դարձնում է զգայուն, ստիպում տառապել: Մենք ընդամենը կհիշեցնենք հայտնի խոսքերը. ամոթ չէ հարցնելը, ամոթ է իմանալ չձգտելը:
Հարցրեք «Տնային առողջարանին», և մենք սիրով կօգնենք ձեզ բանիմաց մասնագետի խորհրդով: Մեր ընթերցողներին անհանգստացնող հարցերին այսօր պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
—Ինչի՞ հետ է կապված սեռական ցանկության առաջացումը երիտասարդ տղայի մոտ, և ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա:
-Երիտասարդի և ընդհանրապես տղամարդու մոտ սեռական ցանկությունը պայմանավորված է արական սեռական հորմոնով` տեստոստերոնով: Այրածին այս հորմոնի նորմալ քանակության մակարդակն է ապահովում սեռական ցանկությունը: Սեռական հակումը կամ լիբիդոն պայմանավորված է նաև հոգեբանական` հոգեհուզական գործոններով. զուգընկերոջ հետ միջանձնային փոխհարաբերությունների մակարդակը, ընդհանուր իրավիճակը, գործողության միջավայրը, մթնոլորտը և այլն:
—Մեր ընթերցողը 20 տարեկան տղա է: Երբևէ սեռական հարաբերություն չունենալով` մեկ անգամ փորձել է, բայց ցանկություն չի առաջացել և չի ստացվել: Այժմ ամեն օր 2-3 անգամ զբաղվում է ձեռնաշարժությամբ և չի կարողանում կտրվել դրանից: Ինչի՞ կարող է հանգեցնել այս վիճակը, ի՞նչ պետք է անի երիտասարդը:
-Վերը թվարկածս բոլոր գործոնները կարող են արգելակել կամ, ընդհակառակը, խթանել սեռական ցանկությունը: Սխալ է սեռական ցանկությունը պայմանավորել զուտ ֆիզիկական վիճակով, օրգանական գործոններով: Սեռական կյանքի անհաջող փորձի պարագայում, եթե մարդն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել բացասական լիցքերը, առաջանում են մի շարք բարդույթներ, ձևավորվում է նաև անհաջողության սպասման նեւրոզ, և անհատը սկսում է խուսափել սեռական կյանքից: Այս պարագայում առաջանում են սեռական կյանքին փոխարինող ձևեր, որի տեսակներից մեկն էլ մաստուրբացիան է` ձեռնաշարժությունը: Հիպերսեքսուալության շրջանում` դեռահասության փուլում կամ 20 տարեկանում ձեռնաշարժությունը ֆիզիոլոգիական է և նորմա է հանդիսանում: Բայց դա չպետք է փոխարինի սեռական կյանքին, մարդը չպետք է ամբողջապես կլանվի դրանով` դարձնելով կենսակերպ: Եթե ձեռնաշարժությունը սևեռուն բնույթ է կրում, ապա դիտվում է որպես պաթոլոգիա, և կա բուժման անհրաժեշտություն: Պարտադիր պետք է սեքսոլոգիական հատուկ բուժում անցնել, քանի որ խնդրի խորացումը հետագայում ամուսնական կյանքում կարող է հանգեցնել որոշակի բարդությունների: Շատ հաճախ դրանք նոր ձևավորված ընտանիքների քայքայման, ամուսնալուծության պատճառ են դառնում:
—Ո՞ր սննդամթերքն է խթանում սեռական ցանկությունը:
— Հիմնականում՝ բանջարեղենը, մասնավորապես գրգռիչ են սոխը, սխտորը, նշազգիները, սուր համեմունքները: Բացառիկ դերակատարություն ունի կենդանական ծագման սննդամթերքը՝ ինչպես կաթնամթերքը, այնպես էլ մսի տեսակները: Կան ծովային որոշ ձկնատեսակներ, որոնց ամինաթթուներն անփոխարինելի են մարդու օրգանիզմի համար: Սրանք բարձրացնում են սերմնահեղուկի որակը և ամրապնդում վերարտադրողական առողջությունը:
—Եվ մեր վերջին հարցը. ընկնավորությունից (էպիլեպսիա) տառապող մարդը կարո՞ղ է զբաղվել սեքսով:
— Այո՛, կարող է, որովհետեւ ընկնավորությունը սեռական կյանքի համար հակացուցում չէ: Եթե հիվանդությունը կոմպենսացված է (այսինքն անձը գտնվում է ռացիոնալ դեղորայքային բուժման մեջ), այն որևէ կերպ չի խոչընդոտում նորմալ սեքսուալ կյանքին: Պետք է նշել նաև, որ ընկնավորության ժամանակ կարող են արձանագրվել սեռական որոշ խանգարումներ (առնանդամի թուլություն, սերմնաժայթքման խանգարում), բայց կան կանխարգելիչ հատուկ բուժման միջոցներ, որոնք, ժամանակին կիրառելու դեպքում, կարող են կանխել նման երևույթները:
—Ահա այսքանը, հայտնում ենք խմբագրության և ընթերցողների երախտագիտությունը` սպառիչ պատասխանների համար:
Հեղինակ` Արփինե Անդրեասյան