Ձվարաններ
Փորձագետի խորհուրդներ

Պահպանեք ձվարանները

Ինչո՞ւ են ձվարանները բորբոքվում:
Կարինե

Իմ աջ ձվարանը մեծացած է, խնդրում եմ գրել այդ մասին:
Վարդինե


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչպես պարզեցինք մանկաբարձ — գինեկոլոգ Ճորկնցյան Ռուզաննայից,  ձվարանի բորբոքման ժամանակ որովայնի շրջանում բնորոշ է որոշ  կետերի խիստ զգայունությունը: Լինում են ցավեր որովայնի ստորին  շրջանում, աջ եւ ձախ աճուկային հատվածում, իսկ շոշափելիս`  որովայնի պատի դիմադրական հակազդեցություն (մկանների կծկում):

Ինչպիսի՞ օրգանհամակարգ է ձվարանը:
Կանանց սեռական օրգանները կազմված են արտաքին եւ ներքին  սեռական օրգաններից: Ձվարանները, ինչպես նաեւ ձվատար  խողովակները, արգանդը եւ հեշտոցը կնոջ ներքին սեռական  օրգաններն են: Որովայնի խոռոչում արգանդի աջ ու ձախ կողմերում  գտնվում են ձվարանները: Ձվարաններում հերթականությամբ՝ մի  ամիս աջում, մի ամիս ձախում, ձեւավորվում է կանացի սաղմնային  բջիջը, որը կոչվում է ձվաբջիջ կամ ձու: Բացի դրանից,  ձվարաններում գոյանում են կենսաբանորեն բարդ, ակտիվ քիմիական  նյութեր, որոնք կոչվում են ձվարանի հորմոններ: Ձվարաններից  դրանք անմիջապես անցնում են արյան մեջ: Այս հորմոնների  ազդեցությունից սկսվում է դաշտանը, ազդում է նաեւ երկրորդական  սեռական նշանների ձեւավորման` կաթնագեղձերի զարգացման եւ  ազդրերում ճարպի արագ կուտակման վրա:

Ի՞նչ  դեր են կատարում ձվարանները կնոջ  կյանքում:
-Ձվարանների դերը կնոջ կյանքում կարեւորագույններից մեկն է ու  անփոխարինելին, դրանց միջոցով է կատարվում նրանց կյանքի  ամենակարեւոր առաքելությունը՝ մայրանալը: Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում արտադրվում է 2  հորմոն: Դրանցից մեկը ֆոլիկուլախթանիչ հորմոնը (ՖՀԽ),  խթանում է ձվաբջջի հասունացումը, մյուսը՝ լյուտեինզացնող  հորմոնը (ԼՀ), նպաստում է ձվազատմանը: Ձվարանում հասունացող  ֆոլիկուլն արտադրում է իգածին հորմոն, ձվազատումից հետո  գոյանում է դեղին մարմին, վերջինս իր հերթին արտադրում է  պրոգեստերոն հորմոնը, եւ կինը պատրաստ է լինում հղիանալու:

Ո՞ր դեպքերում են ձվարանները մեծանում եւ բորբոքվում:
-Ձվարանների չափերի անգամ թեթեւ շեղումը բորբոքման հետեւանք է,  որն էլ բերում է ձվարանների անատոմիական դիրքի շեղման:
Ձվարանների բորբոքումը կանանց եւ աղջիկների մոտ, բնականաբար,  առաջանում է տարբեր պատճառներից: Աղջիկների մոտ մեծ մասամբ  առաջանում է մրսածությունից, դաշտանային ցիկլի ժամանակ բաց  փորով մնալուց: Իսկ մնացած դեպքերում, հատկապես կանանց մոտ, ձվարանների բորբոքում լինում է վարակի դեպքում, հիգիենայի  ոչ ճիշտ կազմակերպման, ոչ ճիշտ սեռական գիտելիքների դեպքում,  անպաշտպան սեռական ակտի հետեւանքով: Սթրեսը կնոջ օրգանիզմի համար մեծ վտանգ է ներկայացնում:

Իսկ նորմալ, առողջ ձվարանը ի՞նչ չափեր ունի:
-Նորմալ, առողջ ձվարանը ունի 1 սմ հաստություն, 2 սմ  լայնություն, 3 սմ երկարություն:

Կարո՞ղ է ձվարանի բորբոքումը լինել  վարակիչ  հիվանդությունների հետեւանք:
-Գոյություն ունեն բավական մեծ քանակությամբ հիվանդություններ,  որոնք փոխանցվում են սեռական հարաբերության ժամանակ եւ վտանգ  են ներկայացնում կնոջ համար:  Ձվարանների բորբոքումն էլ կարող է լինել որպես հետեւանք:  Օրինակ` սուսանակի, գոնոռեայի, քլամիդիոզի ախտանշաններն ի հայտ են գալիս վարակված անձի հետ սեռական շփում  ունենալուց հետո 2 — 5 օրվա, երբեմն` 3 շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակ հետո: Այն անձը, որը վարակված է, բայց չունի ախտանշաններ,  նույնպես կարող է հիվանդությունը փոխանցել:

Առանց հետազոտություն անցնելու կինն ինչպե՞ս կարող է  իմանալ, որ բորբոքված է իր ձվարանը:
-Դաշտանային ցիկլի ժամանակ նկատվում է որովայնի ստորին  շրջանում` աջ ու ձախ աճուկային հատվածներում տեղեկայված ցավ: Ձվարանների  բորբոքման ժամանակ ցավը մնում է նաեւ դաշտանից հետո: Ցավերը  լինում են նոպայանման եւ կրկնվում են որոշակի ժամանակից  հետո: Դրանք հաճախ ուղեկցվում են գլխացավով, ջերմությամբընդհանուր թուլությամբ, դիմադրողականության անկումով:  Հիվանդն ունենում է արտադրություն հեշտոցից՝ դեղնավուն եւ  տհաճ հոտով:

Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Բուժումը պետք է նշանակել միայն հատուկ հետազոտությունից եւ  հիվանդի առողջական վիճակը մանրազնին գնահատելուց հետո:  Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Խորհուրդների եւ օգնության համար պետք է դիմել միայն  գինեկոլոգին: Բորբոքման պատճառը հայտնաբերելուց հետո հնարավոր է  նշանակել ստացիոնար բուժում:

Բժշկուհի՛  Ճորկնցյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց եւ  աղջիկներին:
-Լինել մի փոքր ուշադիր եւ հետեւողական: Երիտասարդներին  կոչ եմ անում  հագնել համապատասխան ներքնազգեստ եւ հարմար  շորեր, հնարավորինս ճիշտ կազմակերպեն հանգստի եւ աշխատանքի  պայմաններն ու սնունդը: Եթե համոզված եք, որ բորբոքված են ձեր  ձվարանները, ապա անմիջապես բուժեք, քանի որ դա հետագայում կարող է անպտղության  պատճառ  դառնալ, որովհետեւ բորբոքումն արգելում է ձվիկի նորմալ արտազատումը:

Հեղինակ՝  Գոհար Թեւանյան

3 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։