Դիսբակտերիոզից` կանդիդոզ
— Աղջիկս 4 տարեկան է: 3 տարեկանում հակաբիոտիկներով բուժման արդյունքում նրա մոտ առաջացել է դիսբակտերիոզ, իսկ այնուհետեւ`կանդիդոզ: Գինեկոլոգիական միջամտությունը միայն տհաճություն էր պատճառում, ուստի բուժումն ընդհատվեց: Երեխան 1 տարի է, ինչ բուժում չի ստացել: Դա կարո՞ղ է վնասել երեխայի առողջությանը:
Լիլիթ, Երեւանից
Բոլորին հայտնի ճշմարտություններից է, որ հիվանդին խնամողն ավելի ծանր վիճակում է հայտնվում, քան հենց ինքը հիվանդը: Իրադրությունը կրկնակի ծանր է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Մեր ընթերցողին հուզող հարցերին պատրաստակամությամբ պատասխանեց բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նիկոլայի Ալեքսանյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եվ այսպես, բժի՛շկ, ի՞նչ խորհուրդ կտայիք մեր ընթերցողին:
— Կանդիդոզը սնկային հիվանդություն է, բայց կոնկրետ այս դեպքում անհրաժեշտ է երեխային համառորեն բուժել դիսբակտերիոզից, որի պատճառով, ինչպես նաեւ հակաբիոտիկների ընդունման հետեւանքով, երեխայի աղեստամոքսային ուղու եւ հեշտոցի նորմալ միկրոֆլորան խախտվել է: Այն վերականգնելու համար ժամանակակից բժշկության մեջ կան զանազան պատրաստուկներ` բիֆիդոբակտերիաների, լակտոբակտերիաների հիմքով: Փոքրիկին պետք է տանել մանկաբույժի մոտ, որն անհրաժեշտ չափաքանակի դեղորայք կնշանակի եւ կբուժի դիսբակտերիոզը: Այս հիվանդության արդյունավետ բուժմանը կնպաստի նաեւ կաթնաթթվային սննդակարգի պահպանումը: Նա պետք է հաճախ օգտագործի կաթնաշոռ, թթվասեր, մածուն, յոգուրտներ եւ այլն: Այս ամենի արդյունքում կանդիդոզն ինքնստինքյան կանցնի:
— Այսինքն` փոքրիկը գինեկոլոգիական միջամտությունների, բուժման կարիք չունի՞:
— Անհրաժեշտ է ընդամենը բուժել դիսբակտերիոզը, որը կարող է տեւել 2-3 ամիս, եւ նշանակել հակասնկային պատրաստուկներ` երեխայի տարիքին ու քաշին համապատասխան: Դրանք հիմնականում հաբերի ձեւով են, եւ գինեկոլոգիական ոչ մի միջամտության կարիք չկա:
— Բժի՛շկ, իսկ Ձեր գործունեության ընթացքում հաճա՞խ եք հանդիպել նման իրավիճակների:
— Այո, պատահել է: Ինչո՞ւ է դիսբակտերիոզը շատ հաճախ հանդիպում հենց երեխաների մոտ: Պատճառը մանուկների օրգանիզմի իմունային համակարգն է, որն ունի իր յուրահատկությունները, այն գտնվում է կայացման, ձեւավորման փուլում եւ չի կարողանում լիարժեք հակահարված տալ ախտածին մանրէներին: Սնկային հիվանդություններ հաճախ են հանդիպում նաեւ թոքաբորբ տարած երեխաների մոտ, որոնց հիմնական հիվանդության բուժման ընթացքում դիսբակտերիոզի կանխարգելման միջոցառումներ չեն իրականացվել եւ բժշկի կողմից անհրաժեշտ քանակով հակասնկային դեղորայք չի նշանակվել:
— Մեր ընթերցողը, գինեկոլոգիական արարողակարգերի ընթացքում ականատես լինելով դստեր տառապանքներին, մեկ տարի է, ինչ ընդհատել է երեխայի բուժումը եւ մտավախություն ունի, որ կանդիդոզը կարող է լուրջ հետեւանքներ թողնել: Ի՞նչ վտանգներ են սպառնում փոքրիկին:
— Անհանգստանալու կարիք չկա, սնկերն անդառնալի կամ ծանր հետեւանքներ չեն ունենա երեխայի առողջության վրա: Պարզապես, ընդհանուր վիճակով պայմանավորված, փոքրիկը կարող է սովորականից ավելի անհանգիստ, նյարդային եւ դյուրագրգիռ լինել, իսկ այդ ամենն անպայման անհետ կանցնի լիակատար բուժման արդյունքում:
— Շնորհակալություն հարցերի պարզաբանման համար: