Մասրենի
Այլընտրանքային բժշկություն,  Առողջարար սնունդ

Զարմանահրաշ մասրենին

Մասրենին մեկն է այն հրաշքներից, որը  մեզ պարգեւել է մայր բնությունը: Մարդկությունն անհիշելի ժամանակներից այն օգտագործում է որպես բուժամիջոց:

1-1,5 մ բարձրությամբ թուփ է, պտուղները ձվաձեւ են, մսալի, կարմիր գույնի: Սերմերը դեղնակարմիր են, մեծաքանակ մազմզուկներով պատված:
Մասրենին հարուստ է C վիտամինով: Զարմանալի է, բայց մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջում, 50 անգամ ավելի շատ, քան կիտրոնում, 100 անգամ ավելի շատ, քան խնձորում: Ընդամենը 1-5 մասրի հատիկ կարող է լրացնել ասկորբինաթթվի օրական պահանջը: Մասուրի պտուղները պարունակում են ֆլավոնային նյութեր, P, B1, B2, K, E, A  վիտամիններ, միկրոտարրեր:
Սերմերը պարունակում են յուղեր:  Սերմերում  նշանակալի թիվ են կազմում նաեւ կալիումական եւ կալցիումական աղերը: Նրանցում առկա են նաեւ ֆոսֆորը, մանգանը, ֆոսֆատները:

Դեռեւս Հիպոկրատը նշել էր, որ մասուրը  լավագույն հակաբորբոքային միջոց է համարվում: Միջին դարերում գնահատվում էր մասուրի բարերար  ազդեցությունը արյունախխման ժամանակ: Մասուրի հյութը խորհուրդ է տրվում լեղապարկի բորբոքման եւ հեպատիտների ժամանակ:
Մասուրի հյութն օգտագործում են նաեւ տրոֆիկ խոցերի, մաշկաբորբերի, պառկելախոցերի ժամանակ:
Մասուրը համարվում է նաեւ լեղամուղ միջոց:
Վաղուց հայտնի է, որ պարբերաբար մասուր օգտագործելու դեպքում բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Մասուրի վիտամինային հյութը համարվում է ուժեղ գրգռիչ ստամոքսահյութի համար:

Մասրենու պտուղները համարվում են հիանալի հակալնդախտային միջոց, միաժամանակ օգտագործում են ստամոքսաբորբի, խոցային հիվանդության, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշման, վարակիչ հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների ժամանակ:
Մասրահյութն օգտագործում են թարմ մեղրի հետ անոթի վիճակում՝ լյարդի, լեղուղիների հիվանդությունների ժամանակ:
Խորհուրդ է տրվում սակավարյունության, մրսածության, ոչ վարակիչ բնույթի փորլուծերի ժամանակ, ինչպես նաեւ շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ:

Մասուրի թուրմի պատրաստման եղանակը. 40-50 հատիկ 1 ժամ թրմել 1 լ եռման ջրում եւ ըմպել օրվա ընթացքում:

 Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 1 ճ.գ. հումքը 1 բաժակ ջրում եփել 20 ր, հովացնել եւ օգտագործել թրջոցների ձեւով՝ աչքերի հիվան-դությունների ժամանակ:

10գ. մասուրին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 30 ր, ապա ըմպել 1/4-1/2-ական բաժակ, օրական 2 անգամ:

 Պտուղներից եփուկ պատրաստելու համար. 1ճ.գ. հումքը 1 բաժակ եռման ջրում եփել 10 ր, թրմել 4 ժամ, քամել եւ ըմպել 1/2-ական բաժակ, օրական 2-3 անգամ:

 Մասուրի արմատից եփուկ պատրաստելու համար 2ճ.գ. մանր կտրատած հումքը 15 ր եփել 200 մլ ջրում, ապա հովացնել եւ ըմպել 1-ական բաժակ, օրական 3 անգամ:

 Մասուրի թուրմի պատրաստման առավել օգտակար տարբերակն է. 3 ճ.գ. մասուրը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 լ եփջուր, թրմել 8-10 ժամ: Նպատակահարմար է պատրաստել երեկոյան, ընդունել առավոտյան՝  1-2 թ.գ. բնական մեղրով:

Վիտամինային անբավարարությունը, ինչպես նաեւ բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար պարզապես անհրաժեշտ է պարբերաբար օգտագործել մասուր, միայն թե այս դեպքում էլ պետք չէ չարաշահել:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։