Աղջիկը զկրտալիս
Փորձագետի խորհուրդներ

Վախենանք, որպեսզի չզկրտա՞նք

— Ես տարվա մեջ 1-2 անգամ, 3-4 օրով զկրտում եմ: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչ խորհուրդ կտաք:
Գոռ 

Երբևիցե ձեզ հետաքրքրե՞լ է այն հարցը,  թե ինչու ենք մենք զկրտում, ինչո՞ւ է զկրտոցն սկսվում րոպեական,  ինչո՞ւ  ոմանց մոտ այն տևում է երկար, ոմանց մոտ՝ կարճ: Ի վերջո, ի՞նչ է  զկրտոցը, արդյո՞ք այն պետք է համարել օրգանիզմի  կողմից տրվող ազդանշան:
Այս և այլ  հարցերի  պատասխանները մենք փորձեցինք գտնել  դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ  Պետրոսյանի հետ զրույցում:

— Ո՞րն է   զկրտոցի պատճառը:
— Պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝  զկրտոց կարող է առաջանալ այն ժամանակ, երբ դիաֆրագմալ նյարդը  բորբորքվում է, կամ եթե  ստամոքսը գերլցված է: Հարկ է նշել, որ վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև գլխուղեղի  ուռուցքը հնարավոր է  առաջացնեն  զկրտոց: Սակայն պետք է նշել, որ  ամենատարածված պատճառներից են  մրսածությունը և ալկոհոլի չարաշահումը: Եթե  այսպես  թվարկեմ, հավատացե՛ք, կարող եմ  բազմաթիվ հանգամանքներ   նշել, որոնք  զկրտոցի պատճառ կարող են հանդիսանալ, սակայն  ավելի կոնկրետ իմանալու համար, թե տվյալ պարագայում ինչի՞ց է առաջացել զկրտոցը, պետք է  դիմել  բժշկի:

— Գոյություն ունի՞ որոշակի սննդակարգ, որը   թույլ չի տա զկրտալ:
-Ո՛չ,  պետք է ասեմ, որ նման կոնկրետ սննդակարգ չկա: Երբ  մենք խոսում ենք   զկրտոցի մասին, շատերի մոտ կարծիք է ստեղծվում,  թե այն  սննդի խախտման արդյունք է, սակայն  իրականում  սնունդն  այստեղ այդքան էլ կարևոր չէ: Սնունդը միևնույնն է այն դեպքում, երբ  զկրտոցն առաջանում է ստամոքսի գերլցված լինելուց, դիաֆրագմալ նյարդի բորբոքումից կամ, օրինակ,  թափառող նյարդի բորբոքումից: Ուստի այստեղ պետք է  գտնել  բուն պատճառը, իսկ սննդային ինչ-որ սահմանափակումներ, կամ էլ կոնկրետ սննդակարգ գոյություն չունի:

— Շատ ժամանակ մարդիկ սկսում են զկրտալ, երբ հուզվում են: Հուզմունքը  կարո՞ղ է զկրտոցի պատճառ լինել:
-Այո, իհարկե, շատ հնարավոր է, որ  զկրտոցն առաջանա նաև հուզմունքից: Այս դեպքում  պատճառը նյարդի գրգռված լինելն է: Այո՛, հուզմունքը  ևս կարելի է դասել հաճախակի հանդիպող պատճառների թվին:

 — Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ  երեխաներն ավելի հաճախ են  զկրտում:
-Երեխաներն ունեն   շատ փոքրիկ  ստամոքս, և երբ նրանք հաց են ուտում, բնական է, որ ստամոքսը շատ շուտ է լցվում,  քանի որ այն խիստ սահմանափակ է: Այդ իսկ պատճառով հարկավոր է  նրանց ուղղահայաց պառկեցնել, որպեսզի  գազերը դուրս գան, և  ստամոքսում որոշակի տեղ ազատվի:

— Եկեք անդրադառնանք ընթերցողի հարցին. «Ես տարվա մեջ 1-2 անգամ, 3-4 օրով սկսում եմ զկրտալ: Ի՞նչ  խորհուրդ կտաք»:
-Կարծում  եմ, որ սա ևս նյարդի  գրգռման հետևանք է: Այս դեպքում դիաֆրագմալ նյարդը  գրգռվում  է, անցնում մկաններին: Սա հիմնականում նյարդային համակարգի հետ է կապված, կարող է առաջացնել նաև  կծկանք: Այս  դեպքում պետք է թուլացնել նյարդերը և փորձել ամեն ինչ անել, որպեսզի  տվյալ անձնավորությունը լինի շատ հանգիստ վիճակում: Կարծում եմ, ճիշտ կլինի այցելել  բժշկի և  փորձել գտնել կոնկրետ օջախը:

— Ի՞նչ  խորհուրդ կտաք, ի՞նչ կարելի է անել զկրտոցը դադարեցնելու համար:

-Առաջինը,  որ կնշեմ, ամենատարածվածն է՝ մեկ բաժակ ջուրը մեկ շնչով խմելը, օգնում է նաեւ որևէ թթու բան, հատկապես  կիտրոն ուտելը:

Շատ հետաքրքիր ժողովրդական միջոցներ նույնպես կան: Օրինակ՝ երբ վախեցնում ենք զկրտացողին,  նրա  զկրտոցը միանգամից անցնում է:

Երբ ինչ-որ անսպասելի բան են ասում,  ուղեղում  ուրիշ դոմինանտ է ստեղծվում, և զկրտոցը միանգամից անցնում է, քանի որ ակամայից մարդը մոռանում է զկրտալու մասին:

Կա ևս մեկ ավանդական միջոց, երբ,  հիմնականում երեխաների  ճակատին, կարմիր թել են կապում:  Ուշադրությունը սևեռելով այդ կարմիր  թելին՝ երեխաները  մոռանում են  զկրտալու մասին:

Պարզ է, որ զկրտոցն օրգանիզմի կողմից տրվող ազդանշան է, որի միջոցով մենք հասկանում ենք, որ վերջինս մեր օգնության կարիքն ունի: Մեզ մնում է հետևել այդ ազդանշանին և ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Հեղինակ՝  Մարիամ Հովունի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։