Ամուսիններ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի խնդիր է

— Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի՞  խնդիր է: Այն ինձ շատ է անհանգստացնում:
Գագիկ, Երեւանից:

Ընթերցողի հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը: Վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը, այսինքն՝ տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է: Վաղաժամ սերմնաժայթքումն ունի տարբեր աստիճաններ: Նրա խիստ արտահայտված աստիճանը վաղաժամ սերմնաժայթքումն է մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը մեծ սթրես է առաջացնում զույգերի մոտ՝ ընտանեկան, միջանձնային, սեռական հարաբերությունների առումով, քանզի անհնարին է դարձնում հետագայում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը:

Վաղաժամ սերմնաժայթքման ծագումնաբանությունն ուսումնասիրելու առումով ախտորոշման համար պետք է անպայաման հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպիսի պայմաններում է առաջացել խնդիրը: Սա կարող է պայմանավորված լինել առաջին հերթին ոչ ռիթմիկ սեռական կյանքով ապրող անհատների մոտ: Եթե տվյալ անհատը չունի կանոնավոր սեռական կյանք, ապա այս պարագայում վաղաժամ սերմնաժայթքումը չի համարվի պաթոլոգիա: Այլ դեպք է, եթե սեռական ակտիվությունը նորմալ է, այսինքն, ունի մշտական զուգընկեր: Ամուսնական կյանքի պարագայում սերմնաժայթքման հետ կապված խնդիրները մեծապես կախված  են տվյալ անհատի նյարդային համակարգի տեսակից: Անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն ունեցող անձինք ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Այդ խառնվածքի անձինք, ովքեր  կենցաղում նույնպես արագ գործողությունների կողմնակից են եւ անընդհատ շտապողականություն են ցուցաբերում, որոշ առումով նաեւ սեռական կյանքում էլ են շտապողական:

Իհարկե,  վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ ունենում է լուրջ, օբյեկտիվ օրգանական պատճառներ` շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքային գործընթացներ, առնանդամի գլխիկի այս կամ այն ծագումնաբանության բորբոքային գործընթացներ, որոնք նվազեցնում են զգայունության շեմը, այսինքն, դարձնում են առնանդամի գլխիկն առավել զգայուն, եւ սեռական հարաբերության ժամանակ գրգռիչներն ավելի շուտ են հաղորդվում կենտրոնական նյարդային համակարգ՝ գլխուղեղ: Պատասխան հակազդեցության պատճառով տեղի է ունենում վաղաժամ սերմնաժայթքում: Այդ դեպքում նախ  պետք է բուժել հիմնական հիվանդությունը: Շատ կարեւոր է ուսումնասիրել զուգընկերուհու կամ կնոջ վերաբերմունքը տղամարդու մոտ առկա խնդրին: Այս պարագայում պետք է հաշվի առնել նաեւ կնոջ գործոնը:

Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող է լինել նաեւ խանգարված նյարդային համակարգը:
Դեղորայքային բուժմանը զուգահեռ կատարվում է  հոգեթերապեւտիկ հատուկ աշխատանք նյարդային համակարգը վերականգնելու համար: Դեպրեսիվ վիճակը հանելու համար հիվանդին առաջարկում ենք հակադեպրեսանտներ, իսկ որոշ դեպքերում՝ նեյրոլեպտիկներ, որի արդյունքում կայունանում է նյարդային համակարգը: Եվ, իհարկե, բուժման ժամանակ շատ կարեւոր են միջանձնային բարենպաստ ներդաշնակ փոխհարաբերությունները, քանզի կնոջ հոգատար վերաբերմունքի պայմաններում վաղաժամ սերմնաժայթքում ունեցող ամուսնու մոտ հնարավոր է լինում ստանալ լիարժեք վերականգնում, իսկ եթե կինը պահանջատիրական, վատաբանական ենթատեքստով է մոտենում, ապա խնդիրը  կարող է ավելի խորանալ: Չի բացառվում, որ ամուսնու մոտ ձեւավորվի թերարժեքության բարդույթ, ինչն էլ ինքնին կստեղծի դեպրեսիվ վիճակ:

Հեղինակ՝  Վլադ Մուրադյան

57 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։