Տխուր աղջիկ
Փորձագետի խորհուրդներ

Որպեսզի չփոխվի առողջության եղանակը

Բոլորս էլ մեր կյանքում գեթ մեկ անգամ հանդիպել ենք այնպիսի մարդկանց, ովքեր իրենց վատ ինքնազգացողությունը կապում են եղանակի, մթնոլորտի փոփոխությունների հետ եւ բնության անակնկալները կանխագուշակում ավելի մեծ  ճշգրտությամբ,  քան ամենաժամանակակից մետեոկենտրոնը:

Ովքե՞ր պետք է աչալուրջ լինեն կլիմայի քմահաճությունների նկատմամբ, ինչպե՞ս պայքարել եղանակային, մթնոլորտային կախվածության դեմ, ինչպե՞ս թուլացնել օրգանիզմի կախվածությունն արտաքին ազդակներից. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, “Հայբուսակ” բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ Նարինե Գրիգորյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ի՞նչ է եղանակային, մթնոլորտային կախվածությունը եւ հակազդո՞ւմ է արդյոք դրան մեր օրգանիզմը:
-Արեւի մակերեւույթի ակտիվացումն անդրադառնում է նաեւ մեր մոլորակի մագնիսական դաշտի վրա: Մարդիկ այս երեւույթն անվանում են մագնիսական փոթորիկներ: Դրանք կրկնվում են 11 տարին մեկ: Գիտնականները հաստատել են, որ այդ օրերին մարդիկ դառնում են ցրված, նյարդային, դյուրագրգիռ, մեծանում է ավտովթարների թիվը, գրեթե բոլորը միաբերան բողոքում են վատ ինքնազգացողությունից: Բացի այդ, մեր օրգանիզմի վրա ազդում են նաեւ եղանակային կտրուկ փոփոխությունները` օդի ջերմաստիճանի, խոնավության, մթնոլորտային ճնշման տատանումները, տեղումները եւ այլն: Բարդ շրջաններ են անցումային եղանակները` գարունն ու աշունը:

-Բժի՛շկ, իսկ հատկապես ի՞նչ հիվանդություններ ունեցողների վրա են ազդում այդ երեւույթները:
-Եղանակային, մթնոլորտային փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ: Եղանակային փոփոխությունները կարող են հենաշարժողական ապարատի խնդիր ունեցող, ռեւմատիզմով տառապող հիվանդների մոտ սրել հոդացավը: Սիրտ-անոթային համակարգի հիվանդների մոտ նկատվում են արյան ճնշման տատանումներ, գլխացավ, անգար, ծակոցներ կրծքավանդակի շրջանում: Աշունն ու գարունն անհանգստություն են պատճառում նաեւ աղեստամոքսային ուղու հետ կապված խնդիրներ  (խոց, ստամոքսաբորբ) ունեցող մարդկանց: Անցումային այս եղանակներն իրենց ինքնազգացողության վրա զգում են նաեւ շնչուղիների հիվանդություններ ունեցողները, դրան նպաստում է օդի խոնավության բարձրացումը: Պատահական չէ, որ հենց այդ ժամանակահատվածում են նկատվում հարբուխի, գրիպի համատարած բռնկումները: Ի դեպ, նշեմ, որ եղանակային, մթնոլորտային փոփոխություններին հակազդում է մեր արյունատար  համակարգը: Նշված երեւույթներն ավելի վառ են զգում կանայք, քանի որ մեր արյունատար անոթների պատերն ավելի բարակ են, քան տղամարդկանց անոթներինը:

-Գարունը, բնության զարթոնքի ուրախության հետ մեկտեղ, բերում է առողջության հետ կապված որոշակի մտավախություններ: Ի՞նչ խորհուրդներ կտայիք այն մարդկանց, ովքեր ավելի ծանր են տանում այդ անցումները:
-Նշեմ, որ եղանակային անցումները ֆիզիոլոգիապես գրեթե աննկատ են կատարվում առողջ մարդկանց համար, ուստի պետք է ուժեղացնել, կոփել դիմադրողականությունը:  Պետք չէ կենտրոնանալ մռայլ մտքերի վրա, քանի որ դա ըստ էության ինքնաներշնչում է, որի ուժն արդեն բոլորին է հայտնի: Խորհուրդ եմ տալիս հատկապես այդ շրջանում առավել ուշադիր լինել սեփական օրգանիզմի նկատմամբ. նախեւառաջ ` կետ առ կետ կատարել բժշկի ցուցումները, երկրորդ` պահպանել առողջ ապրելակերպի հայտնի կանոնները. օգտագործել առողջ սնունդ, ընդունել վիտամիններ, հատկապես C` ցիտրուսային մրգերի տեսքով, ավելի հաճախ լինել մաքուր օդում, զբոսնել: Պակաս կարեւոր չեն բարձր տրամադրությունն ու դրական հույզերը, որոնք նույնպես լավ խթանիչ են դիմադրողականության համար: Իմունային համակարգի ամրացումը թուլացնում է օրգանիզմի կախվածությունն արտաքին գործոններից:

-Շնորհակալություն  սպառիչ պատասխանների համար: Որպես մեր զրույցի տրամաբանական ավարտ` ի՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին:
-Եղե՛ք  առողջ տարվա բոլոր ժամանակահատվածներում եւ հիշե՛ք, որ բնությունը չունի վատ եղանակ` յուրաքանչյուրն ունի իր հմայքը, եւ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` դրանք պետք է շնորհակալությամբ ընդունել:

Հեղինակ՝ Արփինե Անդրեասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։