Մեղր
Առողջարար սնունդ

Մեղրը տաքացնել՞, թե՞ ոչ

— Եթե  բյուրեղացած մեղրը տաքացվի ջրային բաղնիքում, արդյո՞ք այն կկորցնի  իր բուժիչ հատկությունները:
Մաքսիմ, Երեւանից

Հեղուկ, վերջերս հավաքած մեղրը բյուրեղանում է հավաքելուց 2-3 ամիս հետո, իսկ որոշ տեսակներն էլ` ավելի ուշ, քանզի դրանցում շատ է պտղաշաքարի քանակությունը: Մեղրի հոսունությունը և թափանցելիությունը վերականգնվում է ջրային բաղնիքում տաքացնելուց հետո, սակայն 40 C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում այն կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները:

Բյուրեղացումից զուրկ է միայն արհեստական մեղրը:
Տաքացման ընթացքում ոչնչանում է մեղրում առկա վիտամինների և ֆերմենտների որոշ մասը, ազատվում են այնպիսի մետաղների իոններ, ինչպիսին են կալիումը, մանգանը, երկաթը, ցինկը, պղինձը և այլն: Իսկ գոլ, քիչ տաքացրած մեղրում վերջիններս իրենց հերթին ակտիվացնում են ֆերմենտների գործունեությունը մարդու օրգանիզմում:

Թերեւս սրանով են հիմնավորվում օգտագործվող գոլ, մի քիչ տաքացրած  մեղրի բուժիչ հատկությունները:
Հայտնի է նաև այն փաստը, որ տաքացման ընթացքում մեղրը կորցնում է իր հոտը և մգանում: Սակայն մինչև 71 C արագ տաքացումից, լցնելուց և անհապաղ զովացնելուց  հետո այն պահպանում է իրեն բնորոշ գույնն ու յուրահատուկ բույրը:
Տաքանալու  ընթացքում առաջին հերթին մեղրում քայքայվում է պտղաշաքարը, իսկ խաղողաշաքարը, մալտոզն ու սախարոզն ամբողջությամբ պահպանվում են: Մեղրի կազմում առկա են նաև սպիտակուցներ, որոնք վերոհիշյալ գործընթացի ժամանակ քայքայվում են և մեղրին տալիս տհաճ հոտ: Փորձառու մեղվապահը գիտի, որ ցանկացած մեղր չէ, որ կարելի է տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճանի: Օրինակ՝ բաց գունավորմամբ և նուրբ բույրով մեղրը դիմակայում է ավելի բարձր ջերմաստիճաններին, քան մուգ գույնի մեղրը:

Այնպես որ, ընթերցողի հարցը շատ տեղին է, մնում է միայն հետեւել վերոհիշյալ խորհուրդներին, իսկ ավելի լավ է բնության այս բարիքը վայելել առանց տաքացնելու:

Հեղինակ՝ Անի Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։