Լինզաներ
Առողջություն եվ գեղեցկություն

Լինզաներ. նորաձեւությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն

Այժմ մեր շուկան ողողված է տարբեր տեսակի լինզաներով: Դրանք կարելի է օգտագործել ակնոցի փոխարեն, ինչպես նաեւ աչքերի գույնը փոխելու համար:
Թեմայի շուրջ զրուցեցինք ակնաբույժ Լուսինե  Ռափյանի հետ:

-Տիկին Ռափյան առհասարակ քանի՞ տեսակ են լինում լինզաները եւ ի՞նչ նպատակի են ծառայում:
-Եթե խոսքը վերաբերում է օպտիկական լինզաներին, ապա դրանք լինում են փափուկ եւ կոշտ: Իսկ ընդհանրապես կոնտակտային լինզաները լինում են օպտիկական եւ գունավոր: Գունավորը կիրառվում է գունային գամա ստեղծելու նպատակով, իսկ օպտիկական լինզաները կիրառվում են ակնոցի փոխարեն տեսողությունը լավացնելու նպատակով: Այս լինզաները խորհուրդ են տրվում հատկապես այն հիվանդներին, որոնց մոտ բեկումները տարբեր են լինում: Եվ այն աչքին, որի բեկումը նորմալ չէ, դրվում է համապատասխան կոնտակտային լինզան: Օպտիկական լինզաներ կրում են հատկապես նրանք, ովքեր չեն հարմարվում ակնոցի հետ, կամ էլ ամաչում են ակնոց դնելուց (հիմնականում երիտասարդները): Լինզաները լինում են տարբեր ժամկետներով՝ բնականաբար կախված գնային արժեքից, եւ պահվում են հատուկ հեղուկների մեջ
-Ի՞նչ կասեք այն լինզաների մասին, որոնք ե՛ւ օպտիկական են, ե՛ւ գունավոր: Արդյո՞ք անվտանգ են դրանք աչքի համար:
-Գունավոր կոնտակտային լինզաները նախատեսված չեն մշտական օգտագործման համար: Դրանք պետք է օգտագործել յուրահատուկ դեպքերում, մեկ օրվա մեջ 4-6 ժամ: Այսպիսի լինզաների մշտական օգտագործումը նման է մշտապես երեկոյան զգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ հագնելուն: Գունավոր լինզաների չափից շատ օգտագործումը կարող է բերել եղջերաթաղանթի թթվածնաքաղցի, կարող է հանգեցնել տխուր հետեւանքների, օրինակ`մշտական կարմիր աչքերի:


-Գունավոր լինզաներ դնելուց առաջ պարտադի՞ր է ակնաբոււյժի հետազոտություն անցնելը:
-Բնականաբար, պարտադիր է: Սխալ ընտրված կոնտակտային լինզաներն  առաջացնում են եղջերաթաղանթի բորբոքում եւ անոթների ներաճ եղջերաթաղանթի մեջ:

-Կարելի՞ է օգտագործել լինզաներ, եթե օգտագործվում են աչքի  կաթիլներ բուժման նպատակով:
-Ոչ մի տեսակի կաթիլներ չի կարելի օգտագործել լինզան դրած  ժամանակ: Եվ առհասարակ, եթե առկա է աչքի որեւէ հիվանդություն,  ապա խորհուրդ չի տրվում կիրառել լինզաներ: Դա արվում է  բուժումն արհեստականորեն չերկարացնելու եւ աչքը  բակտերիաներից զերծ պահելու նպատակով: Լինզաները հակացուցված  չեն նույնիսկ հղիության ժամանակ, եթե տվյալ անձը հետազոտվել է  եւ չունի աչքի որեւէ խնդիր: Միայն թե ամեն ինչ (նույնիսկ  լինզաներ օգտագործելը) պետք է արվի չափի մեջ՝ մեր անձը  զանազան խնդիրներից զերծ պահելու եւ առողջ ապրելու, ինչպես  նաեւ առողջ զավակներ լույս աշխարհ բերելու նպատակով:

-Որո՞նք են հակացուցումները:
-Կոնտակտային լինզաները հակացուցված են աչքի բորբոքային  հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում  կիրառել վարակիչ հիվանդությունների դեպքում (սուր շնչառական  վիրուսային վարակ, գրիպ, անգինա եւ այլն): Խոհուրդ չի  տրվում լինզաներ դնել նաեւ այն մարդկանց, որոնց հոգեբանորեն  նյարդայնացնում է լինզաներ դնել-հանելու փաստը: Այս դեպքում  օգնության են հասնում մեզ քաջածանոթ ակնոցները, որոնց  օդտագործումն ավելորդ նյարդեր չի պահանջում:

-Եվ վերջապես, խորհուրդ բոլոր նրանց, ովքեր, այնուամենայնիվ,  սիրում են լինզաներ դնել:
— Պահպանեք հիգիենայի կանոնները,  հաճախ լվացեք ձեռքերը, հատկապես լինզաները դնելուց առաջ եւ  հանելուց հետո: Եվ ընդհանրապես, եղեք մաքրասեր ու այդպիսով  կազատվեք մի շարք հնարավոր խնդիրներից:

Հեղինակ՝  Յանա Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։