Ցավ որովայնում
Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ են ցավում աղիները

— Ամուսինս 51 տարեկան է, տարիներ շարունակ տանջվում է աղիների ցավերից: Ցավերը մեղմանում են, երբ  փորը կապում է: Խնդրում եմ որեւէ խորհուրդ տալ:
Անահիտ, Ֆրանսիայից

Աղիների շրջանի ցավերը շատ տարածված երեւույթ են: Ի տարբերություն ստամոքսի հիվանդությունների ժամանակ նկատվող ցավերի`այս դեպքում դրանք չեն ուժեղանում սննդի ընդունումից եւ հիմնականում թեթեւանում են աղիները գործելուց հետո:
Աղիների շրջանում նկատվող ցավերի շուրջ զրուցեցինք թիվ 1 պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Մարո Ավագյանի հետ:

— Ինչի՞ հետ են կապված աղիների շրջանում ցավերը:
— Նախ, ցավեր որովայնում` շատ լայն հասկացողություն է` կախված ցավի տեղակայումից, բնույթից, տեւողությունից, ուղեկցող նախանշաններից: Նախապես պետք է   պարզել՝ արդո՞ք չկա որովայնային սուր պաթոլոգիա, օրինակ, վիրահատական կարգի խնդիրներ` որդանման ելունի բորբոքում, որովայնի կիստաներ, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումներ, եւ հետո միայն պետք է պարզել ցավի բնույթը: Միայն վերը նշվածը բացառելուց հետո պետք է փնտրել ցավի առաջացման այլ պատճառներ:
Աղիների հետ կապված որովայնային ցավեր կարող են լինել ինչպես հաստ, այնպես էլ բարակ աղու բորբոքումների ժամանակ: Սակայն ավելի հաճախ մենք գործ ենք ունենում հաստ աղիքի բորբոքման հետ (կոլիտ), որն ինչ-որ տեղ նաեւ ազգային խնդիր է: Եթե հիվանդը գանգատվում է աղիների շրջանում ցավերից, սովորաբար հարցնում ենք՝ արդյո՞ք չկան ուղեկցող նշաններ` փորկապություն, լուծ, գազերի առկայություն, վքնածություն, քանի որ դրանք կողմնորոշող հանգամանքներ են: Հաճախ աղիների շրջանում ցավերն ուժեղանում են ծանրություն բարձրացնելու հետեւանքով՝  մարմնի անհարմար դիրքի հետ կապված: Եթե ցավերը կապված են բարակ աղիների հետ, ապա պատճառը հիմնականում աղիքային վարակներն են կամ աղեստամոքսային ուղու սուր խանգարումները: Ցավերը հաճախ ուղեկցվում են լուծով, ջերմության բարձրացումով:

— Ի՞նչ անել աղիների շրջանում ցավերի դեպքում:
— Առաջին օգնության համար պետք է նշել կծկանքը հանող միջոցները, այնուհետեւ անհրաժեշտ է կարգավորել աղիների անցանելիությունը: Եթե կա նաեւ փորկապություն, անպայման աղիների գործունեությունը թուլացնող միջոցներ են խորհուրդ տրվում: Իսկ եթե ցավերը գալիս են հարեւան օրգաններից, օրինակ, լեղապարկից, նշանակում են նաեւ լեղուղիները մաքրող միջոցներ, իսկ եթե ցավերը կապված են ենթաստամոքսային գեղձի հետ, բուժում են ենթաստամոքսային գեղձը: Կախված նրանից, թե ինչն է ցավերի  դրդապատճառ հանդիսացել, ըստ այդմ էլ կատարվում է բուժումը:
Շատ կարեւոր է նաեւ հետեւել հաստ աղիքի միկրոֆլորային: Տարածված ու նորաձեւ դիսբակտերիոզ կոչվող հիվանդության մասին գրեթե բոլորը գիտեն: Հաճախ մարդիկ ինքնաբուժմամբ կամ ուրիշների խորհուրդներով ընդունում են հակաբորբոքային տարբեր դեղամիջոցներ (հակաբիոտիկներ), ինչի արդյունքում խախտվում է աղիների միկրոֆլորան` հանգեցնելով վերը նշված գանգատներին: Աղիների միկրոֆլորայի վիճակը պետք է կարգավորել ոչ թե միանգամից լրացնելով այն, ինչ թերի է, այլ առաջին հերթին վերացնելով այն, ինչն անհրաժեշտ չէ, սակայն գոյություն ունի աղիներում:

— Աղիների շրջանում ցավերն անցնու՞մ են այդ հատվածին  ինչ-որ  տաք բան դնելով:
— Ընդհանրապես, տաքից ցավն անցնում է հիմնականում կծկանքի կամ աղիների կծկված վիճակի, աղիների շարժողունակության խախտման դեպքում, քանի որ տաքն արագացնում է աղիների շարժողունակությունը եւ հանում է կծկանքը: Սակայն պետք է զգույշ լինել որովայնի շրջանին տաք դնելուց: Հնարավոր է, որ այն հանի կծկանքը, ինչը, սակայն, կարող է հետեւանք լինել որեւէ լուրջ հիվանդության: Եվ, ընդհանրապես, ներքին օրգանների միջեւ կապ գոյություն ունի: Տաքն այդ պահին կարող է անցկացնել ցավը, սակայն վատ անդրադառնալ մեկ այլ օրգանի գործունեության վրա: Բացի այդ, վերջին շրջանում շատացել են նաեւ հաստ աղու չարորակ նորագոյացությունները: Եթե կա աղիների ամենօրյա գործունեության խանգարում,  կղանքում՝ արյան հետքեր, ապա պետք է իմանալ, որ դա լինում է ոչ միայն տարածված թութքի ժամանակ, այլեւ շատ հաճախ չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում: Այնպես որ պետք չէ բավարարվել տաք դնելով ու ցավը ժամանակավորապես անցկացնելով:

— Ցավերը կարո՞ղ են կապված լինել երիկամներում քարերի առկայության հետ:
— Դա Հայաստանում շատ տարածված խնդիր է: Պետք է կարողանալ տարբերել ուղեկցող նշանները: Եթե դա երիկամային խիթ է, ապա կլինեն. միզելուց հետո ցավերի ուժեղացում, երիկամային նոպաների ժամանակ սրտխառնոց, բերանի չորություն, միզելու դժվարացում, չնայած վերջին խնդիրը կարող է չլինել միայն  երկրորդ երիկամի շնորհիվ, որտեղով մեզը կարող է նորմալ դուրս գալ: Սակայն դա չի նշանակում, որ երիկամներում խնդիր չի կարող լինել: Ուղեկցող նշաններով կարելի է հասկանալ` ցավերը միզուղիների՞, թե՞ աղիների հետ են կապված:

— Աղիների հետ կապված խնդիրների ժամանակ հետազոտությունները լիարժեք պատկեր տալի՞ս են:
— Կոլոնոսկոպիա կոչվող հետազոտությունը լիարժեք պատկեր կտա աղիների գործունեության վերաբերյալ: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, ապա կոլոնոսկոպիան աղիների ամենաճիշտ հետազոտությունն է, քանի որ տեսանելի է ամբողջ աղու լորձաթաղանթը` սկսած ուղիղ աղիքից, վերջացրած որդանման ելունի հատվածով: Իսկ ավելի վերին հատվածները` մինչեւ  12-մատնյա աղիքը, ստուգվում են էնդոսկոպիկ ճանապարհով: Հաստ աղին կարելի է հետազոտել նաեւ ռենտգեն ճանապարհով: Ընդհանրապես, գործիքային հետազոտությունները շատ կարեւոր նշանակություն ունեն բարդությունները հայտնաբերելու եւ այլ հիվանդություններից, մասնավորապես չարորակ նորագոյացություներից դրանք տարբերելու հարցում:
Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում՝ կախված աղիներում առաջացած ցավերի պատճառներից:

Հեղինակ՝ Գայանե Մանուկյան

Մեկ մեկնաբանություն

  • Սյուզի

    Բարև ձեզ,մամայիս կրծքավանդակից ներքև, պորտից վերևի մասում ցավում է,կարծես ուռչի, ձայներ հանի՝ գազերի նման: դեղեր երբ ընդունում է, օրգանիզմը չի ընդունում, հետ է տալիս:Ասեմ ինքը դեղերից մանկուց զզվել է ու փսխացել է: որովայնի Սոնոգրաֆիա արել ենք մեկ ամիս չկա, նորմալ էր ամեն ինչ, արյան ընդհանուր անալիզ արել ենք, հեմոգլոբինը ցածր է 8.9, գաղտնի կեղտի անալիզ տվել են, արյունահոսող բան չկա, ասեցին մարսողական խնդիր կա, մի տարի առաջ՝ 2017 թ դեկտեմբերին զոնդ է կուլ տվել, ասել են ստամոքսի լորձը կարմրած է, անտրալ հատվածում կան էռոզիաներ, Պիլորուսը գեր կծկված է, Կոճղեզում խոց, էռոզիա, արյուն չկա:Այս ամենը սկսվեց երբ երեք դեղ խմեց՝ Peptomet, Ulkavis, kontrolok՝ բժիշկի նշանակմամբ, այդ օրը հետ է տվել ամբողջ օրը, հետո կվամատել խմեց և վիտամին C, մի քիչ օգնեց: Այդ օրվանից սկսած մոտը պարբերաբար ցավեր են սկսվում՝ որովայնի ստամոքսի հատվածում, սրտխառնոց, հիմա էլ՝ լուծ ա մոտը: Ինչ խորհուրդ կտաք, ինչից կլինի? Շնորհակալ եմ շատ!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։