Թութք
Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ է թութք առաջանում

— Ինչպե՞ս կարելի է բուժել թութքը, արդյո՞ք պարտադիր է վիրահատական միջամտությունը ցանկացած պարագայում:
Քրիստինե

Սխալ ապրելակերպն ու սննդակարգը, որպես կանոն, անդրադառնում են մեր առողջության վրա: Այդպիսի գործոններով է պայմանավորված այնպիսի հիվանդության առաջացումը, ինչպիսին թութքն է: Թութքի բուժման եղանակներ առաջարկում է ե՛ւ ժողովրդական,  ե՛ւ գիտական բժշկությունը:
Թեմայի շուրջ զրուցեցինք բժիշկ Հովիկ Խանսանամյանի  հետ:

-Ինչպիսի՞ հիվանդություն է թութքը, ի՞նչն է նպաստում թութքի առաջացմանը:
-Թութքն ուղիղ աղիքային հյուսակի խորշիկավոր երակների հանգուցավոր լայնացումն է: Այն առավել հաճախ զարգանում է տղամարդկանց մոտ, թեեւ հաճախ նկատվում է նաեւ կանանց մոտ: Այս հանգամանքը բացատրվում է այս կամ այն սեռի անձանց կոնքի հատակի հյուսվածքների կառուցվածքի անատոմիական առանձնահատկություններով: Կանանց մոտ այդ հյուսվածքներն ավելի ճկուն են եւ առաձգական, որին հատկապես նպաստում է ուղիղ աղուն զուգահեռ անցնող մեկ այլ սնամեջ եւ հեշտ կծկվող օրգան՝ հեշտոցը: Տղամարդկանց կոնքային ամուր ստոծանու առկայությունն արգելակում է ուղիղ աղու տեղաշարժը եւ ձգումը պինդ կղանքային զանգվածի անցման ժամանակ: Ահա թե ինչու կանանց մոտ, չնայած ուղիղ աղու հյուսակի խորշիկավոր երակների հանգուցավոր  լայնացմանը եւ փորկապությունների նկատմամբ առավել հակվածությանը, արյունահոսությունների կամ ախտահարումների հանգեցնող հանգույցները վնասվում են ավելի սակավ:
Որոշ մասնագիտություններ եւս  նպասատում են թութքի առաջացմանը: Օրինակ՝ երկարատեւ կանգնած աշխատանքը, չափից ավելի ֆիզիկական լարումները, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման զգալի բարձրացմամբ: Թվարկված բոլոր գործոններից առավել գործուն նշանակություն ունեն փորկապությունները, իսկ կանանց մոտ՝ նաեւ հղիությունները եւ ծննդաբերությունը:

-Ինչպիսի՞ տեսք ունի թութքը:
-Հետանցքի շրջանում շատ հաճախ կարելի է տեսնել մաշկային լրացուցիչ ծալքեր, որոնք կոչվում են հետանցքի ծոփքեր: Երբեմն հանգույցներն ամբողջովին պատում են հետանցքը, լինում են կլոր կամ իլիկաձեւ, ունենում են լայն հիմք, սովորաբար ծածկված են հարթ լորձաթաղանթով եւ մատով սեղմելիս դատարկվում են: Համեմատաբար հազվադեպ ունենում են մանր թմբիկավոր մակերես՝ թթի կամ մորու հատապտուղ հիշեցնող տեսքով, շոշափելիս պինդ են: Ուստի ախտորոշումը բավական պարզ է: Հիվանդի կողմից ճիգ գործադրելիս, հատկապես կքանստած դիրքում, ուռած թութքային հանգույցները դառնում են տեսանելի:

-Ինչպիսի՞ ախտանիշներով է դրսեւորվում թութքը:
-Թութքը դրսեւորվում է մի շարք ախտանիշներով: Ամենահաճախակին եւ բնորոշն արյունահոսությունն է, որը ծագում է հանգույցի ամբողջականության խախտումից՝ անոթապատի խիստ լայնացման, բարակելու եւ պատռվելու հետեւանքով: Սովորաբար ցավ չի առաջացնում: Այդպիսի անցավ արյունահոսությունը լինում է կղանքային պինդ զանգվածների վրա թափված մաքուր, չփոփոխված արյան ոչ մեծ շիթի կամ կաթիլների տեսքով: Կղելիս արտազատվող արյան քանակը կարող է լինել զգալիորեն տարբեր: Առավել հաճախ դա ոչ մեծ արյունահոսություն է, երբեմն այն կրկնվում է եւ լինում բավական զգալի, որի հետեւանքով առաջանում է այս կամ այն աստիճանի սակավարյունություն: Սակայն տեղի ունեցող մեծ կամ փոքր արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել ոչ միայն թութքով, այլեւ պոլիպով, խոցոտված քաղցկեղածին ուռուցքով, հաստ աղիքի քրոնիկական բորբոքմամբ:
Թութքի մյուս ախտանիշը ցավն է: Ցավի զգացողությունները կախված են դանդաղ ընթացող բորբոքային ինֆիլտրացիայից: Երբեմն ցավերի պատճառը շրջապատող ենթալորձային եւ լորձային թաղանթների բորբոքային փոփոխություններն են, որոնք հաճախ ուղեկցվում են այտուցով: Բորբոքային երեւույթները, թութքային հանգույցների թրոմբոզն ու արտանկումն ուղեկցվում են ուժգին ցավերով, շարժվելու եւ նստելու դժվարացմամբ, ճեղքվածքներով, քորով, երբեմն էլ ջերմության բարձրացմամբ, լորձահոսությամբ եւ արյունահոսությամբ, իսկ ուշ փուլերում՝ թարախահոսությամբ:

-Այս հիվանդության բուժման ինչպիսի՞ մեթոդներ կան:
— Չափավոր արտահայտված թութքային երեւույթները մեծ մասամբ վերանում են ինքնուրույն, առանց հատուկ բուժման: Կան բուժման պահպանողական եւ վիրահատական մեթոդներ:
Պահպանողական եղանակը նախ եւ առաջ փորկապություններ առաջացնող եւ կղման ժամանակ ավելորդ ճիգերի վերացումն է: Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնային եւ բուսական սննդակարգ, թույլ լուծողականներ:
Վերջին շրջանում թութքի վիրահատական բուժումը մեծ տարածում է ստացել: Վիրահատական ցուցումներ են երկարատեւ արյունահոսությունները, թութքային հանգույցների արտանկումը, պարբերաբար կրկնվող սրացումները, պահպանողական բուժման անարդյունավետությունը:

-Բժի՛շկ Խանսանամյան, որպես եզրափակում՝ ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Խորհուրդ կտայի, որ արյունահոսության կամ ցավի դեպքում անմիջապես դիմեն բժշկի, որպեսզի հետագայում չունենան բարդություններ:
Օգտագործեք այնպիսի մթերքներ, որոնք ձեր աղիներում փորկապություն չեն առաջացնում (կաթնամթերք, աղցաններ): Կարեւոր է եւ արդյունավետ սննդակարգում ձեթի օգտագործումը:
Պահպանե՛ք հիգիենայի բոլոր կանոնները եւ կատարեք հիգիենիկ բոլոր միջոցառումները:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։