Գրիպով հիվանդ
Փորձագետի խորհուրդներ

Գրիպը և հղիությունը

— 10 շաբաթական հղիության դեպքում գրիպով հիվանդանալն ազդո՞ւմ է պտղի վրա, երեխան արատներ կունենա՞,  թե՞ ոչ:
Նոնա, Երեւանից

Իհարկե, հղիության ընթացքն այդքան էլ բարենպաստ ժամանակաշրջան չէ հիվանդանալու համար: Սակայն քիչ են հանդիպում կանայք, որոնք հղիության ընթացքում ոչ մի հիվանդություն չեն տարել: Պատճառը հղի կանանց դիմադրողականության անկումն է, որի հետեւանքով նրանք չափազանց զգայուն են դառնում ցանկացած վարակի նկատմամբ:
Հղիության ընթացքում գրիպի հետեւանքով առաջ եկող խնդիրների շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Մեդեա Ենիկոլոպյանի  հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Արդյո՞ք գրիպն  այդքան վտանգավոր է:
— Իհարկե: Ընդհանրապես, որքան մեծանում է հղիությունը, այնքան ավելի է աճում տարբեր վարակներով հիվանդանալու հավանականությունը: Յուրաքանչյուր դեպքում գրիպը ցանկալի չէ հղիի համար, քանի որ ցանկացած վարակ ինքնին հանգեցնում է բարդությունների: Ասեմ, որ վիրուսը վտանգավոր է պտղի, իսկ բարդությունները` հղի կնոջ համար: Հղիության ընթացքում, դիմադրողականության անկման պատճառով, գրիպը կարող է շատ ծանր ընթացք ստանալ, եթե ժամանակին չկանխարգելվի:

— Ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել գրիպը կամ գրիպի բարդությունը հղի կնոջ եւ պտղի համար: Ինչու՞ է հղիության առաջին ամիսներին գրիպով հիվանդանալն առավել քիչ ցանկալի:
— Հղիության առաջին եռամսյակում շատ հնարավոր է, որ գրիպը հանգեցնի սաղմի ոչնչացման, որովհետեւ գիտենք, որ առաջին եռամսյակում դեռ պտուղ չէ, այլ սաղմ, եւ կանայք գրիպի հետեւանքով հենց այդ ժամանակահատվածում են հաճախ կորցնում սաղմը: Հղի կնոջ մոտ գրիպը կարող է հանգեցնել միզուղիների հետ կապված բարդությունների, միզապարկի բորբոքման, բազմահոդաբորբի:  Արդյունքում հղին մեզի արտահոսքի խանգարումով, բարձր ջերմությամբ, դողով, ուժեղ ցավերով  ներկայանում է հիվանդանոց: Հղի կնոջ մոտ գրիպը կարող է առաջացնել նաեւ շնչուղիների հետ կապված խնդիրներ, օրինակ, բրոնխաբորբ: Եթե կինն առողջական խնդիրներ ունի նաեւ նախքան հղիությունը, օրինակ, սրտի հետ կապված, ապա կոնկրետ այդ դեպքում գրիպը կարող է հանգեցնել սեպտիկ էնդոկարդիտի (ներսրտենու բորբոքում):
Գրիպը կարող է առաջացնել պտղաջրերի հետ կապված խնդիրներ, որի հետեւանքով հնարավոր է, որ պտուղը ներարգանդային թոքաբորբ տանի: Արդյունքում նորածինը խնդիրներ կունենա շնչուղիների հետ:
Ընդհանրապես, ցանկացած վարակ ազդում է պտղի գլխուղեղի վրա, որոշ դեպքերում կարող է հանգեցնել նաեւ ներարգանդային թերզարգացման, երբ պտղի զարգացումը ետ է ընկնում, եւ արդյունքում երեխան արատներով է ծնվում: Այո, երբեմն այս վտանգն էլ կա:

— Ինչպե՞ս կարելի է տարբերել մրսածությունը եւ գրիպը:
—  Հղին չի կարող որոշել` դա մրսածությո՞ւն է, թե՞ գրիպ: Եթե նա որեւէ գանգատ է ունենում, անպայման պետք է ներկայանա իր բժշկին: Վերջինս հղիին հետազոտելուց հետո միայն կարող է պարզել` դա սովորական հարբո՞ւխ է, թե` վիրուս: Օրինակ` վերջերս տարածված «խոզի» գրիպի ընթացքը շատ նման էր մրսածությանը, սակայն այս դեպքում երրորդ օրն արդեն հղիները սկսում էին խեղդվել, քանի որ շատ արագ  թոքաբորբ էր  զարգանում:
Հարգելի՛ ապագա մայրեր, վերոհիշյալը չի նշանակում, որ պետք է  ժամանակից շուտ վախենալ եւ տարբեր, երբեմն անգամ սարսափելի ենթադրություններ անել: Պարզապես առավել  ուշադիր եղեք Ձեր եւ Ձեր փոքրիկի առողջության նկատմամբ,  նախապես կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեք: Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, մի հապաղեք եւ ժամանակին  դիմեք Ձեր բժշկին՝ ճիշտ բուժօգնություն ստանալու համար:

-Հղիության դեպքում գրիպի բուժման համար ի՞նչ եք խորհուրդ տալիս ընդհանրապես. առավել ճիշտ  են դեղամիջոցներո՞վ բուժումները, թե՞ ժողովրդական մեթոդներն ու դեղաբույսերը:
— Ժողովրդական մեթոդները մի կողմ թողնենք, կարծում եմ, որ չեն խանգարի, սակայն եթե հղին արդեն հիվանդացել է գրիպով, ապա դեղամիջոցների օգտագործումն անհրաժեշտ է: Անցկացվում է հակաբորբոքային, վիտամինային բուժում եւ այլն: Վիտամիններ առաջին իսկ օրվանից  հղիները ստանում են: Պարզապես լինում են դեպքեր, երբ մտածում ես` վարա՞կն ավելի շատ վնաս կպատճառի պտղին, թե՞ դեղամիջոցը: Եթե վարակը, ապա առանց վարանելու պետք է դիմել դեղամիջոցի օգտագործմանը:

— Ճի՞շտ  է արդյոք հղիին գրիպի դեմ պատվաստելը: Որքանո՞վ է այն արդյունավետ:
— Իմ կարծիքով` շատ արդյունավետ է: Եղել են դեպքեր, երբ հղիները գրիպի հետեւանքով հենց առաջին եռամսյակում պտուղը կորցրել են: Ես նրանց մինչեւ հաջորդ հղիությունը պատվաստել եմ մեկ տարվա չափաբաժնով, եւ նրանցից ոչ մեկը չի հիվանդացել գրիպով, անգամ երբ նրանց ընտանիքներում գրիպով հիվանդներ են եղել: Պատվաստումը հղիության ժամանակ նույնպես թույլատրվում է, սակայն ես կողմնակից եմ մինչեւ հղիությունը պատվաստելուն: Իսկ այն, որ պատվաստվածները գրիպով չեն հիվանդանում մեկ տարի, այդ փորձն առկա է:

— Ի՞նչ խորհուրդներ կտաք  հղիներին, որպեսզի հնարավորինս խուսափեն գրիպից:
— Նախ` կինը  հղիության ողջ  ընթացքում պետք է գտնվի իր բժշկի հսկողության տակ: Դրա համար յուրաքանչյուր հղի առաջին եռամսյակում եւ մինչեւ երկրորդ եռամսյակի կեսերը բժշկի այցելում է ամիսը մեկ անգամ, եթե գանգատներ չունի, հղիության երկրորդ եռամսյակի կեսից` ամիսը 2 անգամ, իսկ վերջին ամսում հղիները հաճախում են շաբաթը մեկ անգամ: Ես նրանց հիմնականում խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել C վիտամին  պարունակող մթերքներ, բժշկի նշանակմամբ կարելի է ընդունել դիմադրողականությունը բարձրացնող պատրաստուկներ, հաճախակի  անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ (օրինակ` կոկորդի ողողումներ), խորհուրդ եմ տալիս հնարավորինս հեռու մնալ գրիպով հիվանդներից եւ, իհարկե, հագնվել եղանակին համապատասխան:

Հեղինակ՝ Գայանե Մանուկյան

7 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։