Աղջիկ
Փորձագետի խորհուրդներ

Երբ հիվանդանում են մակերիկամները

Խնդրում եմ գրել մակերիկամային հիվանդության մասին:
Մարինե

Մակերիկամները ներզատիչ զույգ գեղձեր են, որոնք բաղկացած են կեղեւային եւ  միջուկային նյութերից: Մակերիկամների դերն անգնահատելի է մեր օրգանիզմի համար:Մակերիկամային հիվանդության մասին զրուցեցինք թերապեւտ Հովիկ Խանսանամյանի  հետ:

— Ինչպե՞ս է զարգանում մակերիկամային հիվանդությունը:
Մակերիկամային սուր անբավարարություն կարող է զարգանալ եւ այնպիսի հիվանդների մոտ, ովքեր անցյալում չեն ունեցել այդ օրգանի ախտահարում:
Հիվանդությունը հաճախ սրվում է զանազան ինֆեկցիաների, կերակրի աղի եւ ջրի մեծ կորստի (փորլուծի, փսխումների, առատ քրտնելու), ինչպես նաեւ վիրահատական միջամտության արդյունքում:
Մակերիկամներն արտադրում են բազմատեսակ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, որոնք կանոնավորում են անոթների թափանցելիությունը, սեռական գեղձերի գործունեությունը, նյութափոխանակության, հանքային աղերի ու ածխաջրատների փոխանակության գործընթացները: Մակերիկամների այդ կարեւոր գործունեության խանգարմամբ է պայմանավորվում հիվանդության ամբողջ ծանրությունը: Մակերիկամների կեղեւային նյութի թերֆունկցիայի հետեւանքով արյան մեջ ընկնում է NaCl-ի մակարդակը, ավելանում նրա արտազատումը մեզի միջոցով եւ օրգանիզմը ջրազրկվում է: Այդ օրգանների սուր անբավարարության դեպքում զարգանում է ծանր շոկային վիճակ՝ արտահայտված լյարդի գլիկոգենային պաշարների սպառմամբ: Առաջանում են նաեւ այլ խանգարումներ:

— Ինչպիսի՞ ընթացք ունի հիվանդությունը:
-Հիվանդությունը սովորաբար ընթանում է դանդաղ եւ քրոնիկական բնույթ է կրում: Երբեմն այն տեւում է տասնյակ տարիներ՝ առաջացնելով հիվանդի ուժերի լրիվ սպառում, օրգանիզմի դիմադրողականության անկում: Մակերիկամային կրիզի զարգացումը կապված է հոգեկան հույզերի եւ նյարդային ծանր ապրումների, ֆիզիկական լարվածության, վարակների, նարկոզի, վիրահատման եւ ծննդաբերության հետ, որոնք, ուժեղացնելով մակերիկամների հորմոնային գործունեությունը, ոմանց մոտ հարուցում են սուր անբավարարություն:

— Ինչպիսի՞ ախտանշաններ են բնորոշ մակերիկամային հիվանդությանը:
-Հիվանդությանը բնորոշ է ընդհանուր թուլությունը, ծայրահեղ հոգնածությունը, նիհարումը, մաշկի գունավորումը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, փորլուծը, փսխումները եւ որովայնի ցավերը:
Արյան մեջ ընկնում է շաքարի, նատրիումի եւ քլորի մակարդակը, ավելանում է մնացորդային ազոտը: Երբեմն հիվանդի բերանից գալիս է ացետոնի հոտ, իսկ ոմանց մոտ որովայնի ցավերն այնքան ուժեղ են լինում, որ դրանք հաճախ շփոթում են որովայնի խոռոչի սուր հիվանդությունների հետ:
Լինում են դեպքեր, երբ մակերիկամային կրիզն ընթանում է  գլխուղեղուղեղապատյանաբորբի ախտանշաններով, ջղաձգություններով եւ զառանցանքով: Մակերիկամային սուր անբավարարությունն ավելի հաճախ զարգանում է նրանց մոտ, ովքեր ունեն աղեստամոքսային ուղու քրոնիկական խանգարումներ, տուբերկուլոզ, ընդհանուր թուլության հակում:

— Ինչպե՞ս է իրականացվում այդ հիվանդության բուժումը:
-Սա պատկանում է այն հիվանդությունների շարքին, որոնց չի կարելի անլուրջ ու թեթեւ վերաբերվել: Ամենից առաջ հիվանդին պետք է պառկեցնել, մարմինը տաքացնել, քանի որ դիտվում է մարմնի ջերմաստիճանի անկում  ու ապահովել նրա հոգեկան եւ ֆիզիկական հանգիստը: Բուժումը հիմնականում տարվում է 3 ուղղությամբ՝
1. Հորմոնաթերապեւտիկ.
2. Պայքար  օրգանիզմի ջրազրկման դեմ.
3. Պայքար թերշաքարաարյունության դեմ:
Վարակի առկայության դեպքում պետք է բժշկի նշանակմամբ ընդունել դեղեր:
Հորմոնաթերապեւտիկ պատրաստուկները նպաստում են արյան պլազմայի ավելացմանը եւ զարկերակային ճնշման բարձրացմանը, դադարեցնում են փսխումները, բարելավում արյան կենսաքիմիական կազմը: Սակայն նրա երկարատեւ օգտագործումից եւ գերդոզավորումից կարող է խիստ կերպով բարձրանալ զարկերակային ճնշումը, կարող են զարգանալ այտուցներ՝  նույնիսկ թոքերի,  եւ սրտային անբավարարության երեւույթներ:

— Բժի՛շկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք  այս հիվանդությամբ տառապող անձանց:
-Նրանց սնունդը պետք է լինի ածխաջրատներով, սպիտակուցներով, հանքային եւ կերակրի աղերով հարուստ: Օրվա մեջ մի քանի անգամ չափեք զարկերակային ճնշումը: Հիվանդը չպետք է կատարի ծանր ֆիզիկական աշխատանք եւ հնարավորության սահմաններում պետք է խուսափի վիրահատություններից:
Իմ խորհուրդը միշտ նույնն է՝ եղե՛ք ուշադիր եւ հոգատար ձեր օրգանիզմի նկատմամբ:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

4 մեկնաբանույթուն

  • Anna

    Lusine, ե՞րբ եք վերջին դեղն ընդունել և որքա՞ն ժամանակ եք այտուցված, նաև օրը քանի՞ անգամ եք միզում և որքա՞ն ջուր եք խմում։ Ասեմ նաև,որ Ես Ձեր նամակը չեմ ստացել։

  • Lusine

    Barev dzez \r\nIndz mi harc e hetakrkrum\r\nEs stacel em epidural voxnasharic depo medrol 1 amsva mej 5 angam , voric heto unem endhanur marmnic URAtutyun, demks , marmins votkers, \r\nIndz anhrajesht e imanal inchpes ognek makerikamneriin ayd dexe shut hanel organizmic , kani vor indz cucvac e virahatutyun voxnashari , ayhm cirtizons ev acth1 shat cave e \r\nNaxapes Shnorhakal em\r\n

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։