Հղիություն
Փորձագետի խորհուրդներ

Այդ վտանգավոր վիրուսները

— Իմ հղիությունը տեւում է 3-4 ամիս, որից հետո պտուղը մահանում է: Վերջերս էլ 3-րդ դեպքն է եղել: Դիմել եմ տարբեր բժիշկների, բայց՝ ապարդյուն: Առաջին անգամ, երբ պտուղը մահացել էր, բժիշկները բացահայտեցին, որ ցիտոմեգալովիրուս է, երկրորդ անգամ ասացին, որ տենդաբշտիկ է (հերպես), իսկ երրորդ դեպքի պատճառը դեռ չգիտեմ:  Ինչի՞ հետեւանքով կարող է լինել, եւ ո՞րն է պատճառը:
Անանուն

Հղիությունը կարեւոր իրադարձություն է յուրաքանչյուր կնոջ համար: Ինչպես պնդում են բժիշկները, հղիության նորմալ ընթացքի եւ առողջ երեխա ունենալու համար   պետք է կնոջ օրգանիզմը  նախապատրաստել հղիությանը:
Մեր խմբագրություն դիմած  ընթերցողին հուզող հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով դիմեցինք մանկաբարձ-գինեկոլոգ
Ավրորա Դաջունցին:

— Ընդհանրապես, ինչո՞ւ է այս կնոջ հղիությունը տեւում 3-4 ամիս, նմանատիպ  դեպքերը ինչի՞ հետեւանքով կարող են առաջանալ:
— Սկսեմ նրանից, որ մեր հասարակությունը չի ցանկանում ընդունել մի կարեւոր փաստ. եթե զույգը ցանկանում է ընտանիք կազմել, առաջին հերթին պետք է պարտադիր դիմի գինեկոլոգի, անցնի խորը հետազոտություն թե՛ համատեղելիության եւ թե՛ երեխա ունենալու համար: Եթե ստուգումների արդյունքում պարզվում է, որ տվյալ զույգի մոտ ամեն ինչ նորմալ է, այդ ժամանակ միայն նրանք պետք է մտածեն ամուսնության մասին: Իսկ երբ արդեն ցանկանում են երեխա ունենալ, այդ ժամանակ նույնպես պետք է դիմեն բժշկի՝ կնոջ օրգանիզմը հղիությանը նախապատրաստելու համար:
Նմանատիպ դեպքերի միակ պատճառը սեռական ճանապարհով ամուսնուց վարակվելն է:

— Իսկապե՞ս վտանգավոր են ցիտոմեգալովիրուսը եւ տենդաբշտիկը:
— Ցիտոմեգալիա հիվանդության հարուցիչը վիրուսն է: Ցիտոմեգալովիրուսը եւ տենդաբշտիկը վիրուսներ են, որոնք ոչ միայն մահացու են պտղի համար, այլեւ վտանգավոր կնոջ համար, քանի որ նրա օրգանիզմը կարող է սովորել հղիության այդ չափին եւ 3-4 ամսական հղիությունը այդ կնոջ մոտ դառնա սովորական հղիության տեւողություն, այսինքն` ամեն անգամ 3-4 ամսական դառնալուց հետո պտուղը մահանա:

— Գոյություն ունե՞ն նմանատիպ այլ վիրուսներ:
— Ցիտոմեգալովիրուսից եւ տենդաբշտիկից բացի կա եւս մեկ վտանգավոր վիրուս` պապիլոմավիրուսը: Սրանք բոլորն էլ  փոխանցվում են սեռական ճանապարհով:

— Իսկ ինչո՞ւ են մեր ընթերցողի մոտ ամեն անգամ տարբեր վիրուսներ բացահայտվել:
— Քանի որ այս վիրուսները միմյանց շատ նման են, այդ իսկ պատճառով էլ հեշտ է  շփոթելը: Ամեն դեպքում, պետք է լաբորատոր հետազոտություն կատարել եւ ստույգ պարզել պատճառը:

— Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի այս վիրուսները շարունակաբար չկրկնվեն, եւ կինը ունենա նորմալ հղիություն:
— Առաջին հերթին, կինը մինչ լիարժեք բուժումը պետք է չհղիանա: Անհրաժեշտ է կատարել լաբորատոր հետազոտություն, որից հետո  բարձրացնել կնոջ դիմադրողականությունը: Նա պետք է  վիտամիններով հարուստ սնունդ ընդունի: Առաջնահերթը կնոջ դիմադրողականության բարձրացումն է, որից հետո նա պետք է լիարժեք սնվի, քանի որ  վիրուսը  թուլացնում է օրգանիզմը: Բանջարեղենի եւ մրգերի առկայությունը օրաբաժնում պարտադիր է: Բուժումն ավարտելուց հետո բժիշկը, տեսնելով  բարելավումը, արդեն խորհուրդ կտա հղիանալ: Սակայն մինչ հղիությունը նրա ամուսինը եւս պետք է ստուգվի՝ համոզվելու համար, որ ինքը եւս որեւէ վիրուսով վարակված չէ:

— Բուժվելուց հետո կինը կկարողանա՞ առողջ երեխա ունենալ:
— Բուժումն ավարտելուց հետո  վերջնական հետազոտության արդյունքում կպարզվի` կկարողանա՞ հղիանալ, թե՝ ոչ: Նման դեպքերում, անխոս, հղիանում են եւ ունենում առողջ երեխաներ, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ հղիության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ կնոջ դիմադրողականությունը բարձրացնելուց հետո, միեւնույն է, նրա օրգանիզմն արդեն սովոր է լինում այդ կարճատեւ հղիության չափին: Դրանից խուսափելու համար առաջին իսկ դեպքից հետո պետք է դիմել բժշկի եւ ստանալ բժշկական օգնություն:

— Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք  խմբագրություն դիմած ընթերցողին եւ այն զույգերին, ովքեր ցանկանում են  երեխա ունենալ:
— Ձեզ դիմած կնոջը խորհուրդ եմ տալիս չհուսահատվել, դիմել բժշկի եւ ստանալ բժշկական օգնություն, քանի որ բժշկությունն այսօր մեծ առաջընթաց է ապրում: Հավատացեք, որ անպայման կունենաք առողջ երեխաներ: Իսկ այն զույգերը, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, առաջին հերթին պետք է պլանավորեն հղիությունը, դիմեն բժշկի, ստուգվեն, որից հետո հաստատ իմանալով, որ երկուսի մոտ էլ չկան խնդիրներ, պատրաստվեն  երեխա ունենալ:

Հեղինակ՝ Մանե Դավթյան

2 մեկնաբանույթուն

  • Մերի

    Հղիացել եմ երկու անգամ և երկու դեպքում էլ հղիության 2-3 ամսում տեսել եմ արյան կաթիլներ և դիմել եմ բժշկի:Ստուգելուց հետո պարզվել է,որ պտուղը մահացած է ու անմիջապես հեռացրել են:Մաքրած պտուղը ուղարկել են լաբորատորիա ու պարզվել է,որ ունեմ ցիտոմեգալո վիրուս,և մեկ ամիս հետո ստւգել են HCG-ն և 18,5 է եղել:Ուզում եմ իմանալ,այս արդյունքը բարձր է և հնարավոր է այդ վիրուսը լինի պտղի մահվան պատճառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։