Մտահոգ աղջիկ
Երեխաներ

Աղջիկները գինեկոլոգի մոտ

Այցելություն գինեկոլոգին: Շատ դեռահաս աղջիկների համար այդ մասին միտքն անգամ սարսափելի է թվում: Իրականում վախենալու ոչինչ չկա, բացի դրանից, հենց այդ տարիքից կարելի է խուսափել անպտղության հանգեցնող բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններից` ուշադիր լինելով առողջության նկատմամբ: Այժմ 15 տարեկանը լրացած աղջիկները պիտի պարտադիր այցելեն տեղամասային գինեկոլոգին՝ կանխարգելիչ հետազոտման նպատակով: Գինեկոլոգիական ինչպիսի՞ խնդիրներ ունեն դեռահաս աղջիկները, ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում նրանց մոտ, եւ ինչպե՞ս է իրականացվում բուժումը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Իսպիրյանին:

— Ձեր շրջանում ապրող աղջիկների կանխարգելիչ հետազոտումն ի՞նչ հիվանդություններ է բացահայտում, դրանցից որո՞նք են առավել հաճախ հանդիպում:
— Պետք է նշեմ, որ երիտասարդ աղջիկների մոտ հանդիպում են այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ ավելի մեծ տարիքի կանանց: Օրինակ՝ հեշտոցաբորբը բավականին մեծ տոկոս է կազմում անգամ մանկահասակ երեխաների, այդ թվում՝ նորածինների մոտ: Այն կարող է ի հայտ գալ այնպիսի վարակիչ հիվանդություններից հետո, ինչպիսիք են կարմրուկը, քութեշը, ջրծաղիկը:
Հեշտոցաբորբը կարող է առաջ գալ նաեւ սնկային ֆոնի վրա: Սնկերը, ինչպես հայտնի է, առաջանում են հակաբիոտիկ դեղամիջոցների օգտագործումից: Կան նաեւ դեպքեր, երբ սնկերը զարգանում են ի ծնե շաքարախտով հիվանդ աղջիկների հեշտոցում: Այս դեպքում սնկերի առաջացման պատճառը հորմոնալ խանգարումն է, որը բնորոշ է շաքարախտով հիվանդ օրգանիզմին:
Հեշտոցաբորբը կարող է ունենալ նաեւ ոչ վարակիչ բնույթ: Եղել են դեպքեր, երբ երեխան խաղալիս ինչ-որ մանր առարկաներ է մտցրել հեշտոցի մեջ: Օրինակ՝ ուլունքը հեշտությամբ կարող է թափանցել կուսաթաղանթի բնական անցքերից ավելի խորը՝ առաջացնելով բորբոքում:
Հեշտոցաբորբը կարող է զարգանալ նաեւ, եթե հեշտոցում հայտնվեն եւ բազմանան մանր որդեր:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Իսկ որտեղի՞ց կարող են որդերը հայտնվել սեռական օրգանում:
— Հայտնի է, որ էնտերոբիոզ (սրատուտ) կոչվող մանր որդերն ապրում են աղիներում եւ ձվադրում հետանցքի շրջանում: Եթե ծնողը ճիճվակիր երեխայի հետանցքը կեղտոտելուց հետո մաքրում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի հեշտոց, ապա հեշտությամբ տեղափոխում է էնտերոբիոզի ձվիկները, որոնք հեշտոցում զարգանում ու բազմանում են: Բացի դրանից, ձվիկները հետանցքի շրջանում առաջացնում են քոր, եւ երեխան, քորելով իրեն, անզգուշորեն կարող է տեղափոխել այդ ձվիկները:

— Ինչպե՞ս է  ախտորոշվում հիվանդությունը, հատկապես՝ վաղ մանկական տարիքում:
— Հոգատար մայրիկը վաղ հասակի երեխայի մոտ հեշտությամբ կնկատի հեշտոցի կարմրություն եւ առատ արտադրություն. վարտիքը հաճախակի կեղտոտվում է: Իսկ եթե բորբոքման պատճառը սնկերն են, ապա անպայման առկա է քորը:

— Մանրամասն խոսեցինք մանուկների մասին: Իսկ 15 տարեկաններին ինչպե՞ս եք հետազոտում: Ի՞նչ հիվանդություններ եք բացահայտում:
— 15 տարին լրացած աղջիկներին հետազոտում ենք ուլտրաձայնային մեթոդով:
Առավել հաճախ հայտնաբերում ենք ձվարանների բորբոքում, ձվարանի կիստաներ, պոլիկիստոզներ, արգանդի միոմաներ, այսինքն` ինչպես արդեն նշել եմ, այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ կանանց: Եթե կիստաները զարգանում են ձվարանի բորբոքումից, ապա պոլիկիստոզները կարող են առաջանալ` պայմանավորված մակերիկամների հորմոնալ խանգարումով: Այս դեպքում չափից շատ են արտադրվում այրածին հորմոնները, որոնք առաջացնում են ձվարանների գործունեության խանգարում եւ որպես հետեւանք՝ պոլիկիստոզներ:

— Իսկ ինչպիսի՞ բուժում է նշանակվում այս հիվանդությունների դեպքում:
— Արգանդի միոման համարվում է նորագոյացություն: Այստեղ, ինչպես նաեւ կիստաների դեպքում, կատարվում է վիրահատություն: Պոլիկիստոզների պարագայում նախապատվությունը տրվում է դեղորայքային բուժմանը: Եվ միայն ծայրահեղ դեպքում, երբ այն արդյունավետ չէ, դիմում են վիրաբուժական միջամտության:

— Բացի գերձայնային հետազոտմամբ բացահայտվող փոփոխություններից, օրգանիզմում  կան բազմաթիվ այլ խանգարումներ: Ինչպե՞ս են դրանք հայտնաբերվում:
— Մեծ նշանակություն ունի անհատական զրույցը, որի ընթացքում պարզվում է դաշտանի հաճախականությունը եւ դրա առատությունը: Զննվում են նաեւ երկրորդային սեռական հատկանիշները՝ մազածածկույթը, կրծքերի զարգացման աստիճանը: Նորմալ է համարվում 11-15 տարեկանում դաշտանի ի հայտ գալը: Եթե այն ուշանում է, ապա անհանգստացած ծնողը դիմում է մանկական գինեկոլոգի:

— Իսկ ո՞րն է դաշտանի ուշացման հիմնական պատճառը, եւ ի՞նչ բուժում է նշանակվում:
— Հիմնականում այն կապված է կամ ձվարանների ուշ զարգացման, կամ էլ դրանց ֆունկցիոնալ խանգարման հետ: Երկրորդ դեպքում իգածին հորմոններն արտադրվում են անբավարար քանակությամբ:
Բուժումը կատարվում է հորմոնի փոքր չափաբաժիններ պարունակող դեղորայքի օգտագործմամբ: Կատարվում են նաեւ ներարկումներ: Դաշտանի տարբեր խանգարումները եւս բուժվում են դեղորայքային միջամտությամբ:

— Լինում են դեպքեր, երբ դաշտանն ընդհանրապես բացակայում է:
— Այդ ախտածնությունը հազվադեպ է պատահում եւ կոչվում է ամենոռեա: Այն կարող է լինել առաջնային (երբ ձվարանը թերզարգացած է ու չի կատարում իր ֆունկցիան) եւ երկրորդային, որը կապված է հորմոնալ անբավարարության հետ: Ամենոռեայի պատճառ կարող են հանդիսանալ նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդությունները, քրոնիկական թունավորումները, սթրեսները, գլխի վնասվածքները եւ անգամ՝ նիհարելը: Իմ պրակտիկայում կար մի հիվանդ՝ 17 տարեկան աղջիկ, որը հատուկ սննդակարգի կիրառման պատճառով այնքան էր նիհարել, որ կրծքերը կախվել էին՝ վերածվելով մաշկապարկերի: Նրա մոտ դաշտանն ընդհանրապես բացակայում էր: Հին լուսանկարներից պարզ էր դառնում, որ այդ աղջիկն ուներ թմբլիկ, համաչափ կազմվածք: Քանի որ ոչ մի ախտածնություն աղջկա մոտ չհայտնաբերվեց, նրան նշանակվեց լիարժեք սնունդ, վիտամիններ, թույլ հորմոնալ պատրաստուկ: Այս պատմության մեջ ապշեցուցիչ էր մոր անտարբերությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հենց մայրերի ուշադրությունից է կախված աղջկա “անարդյունավետ” ապագան: Յուրաքանչյուր աղջկա մոր պարտականությունն է ժամանակին նկատել այս կամ այն խանգարումը եւ անպայման դիմել գինեկոլոգի: Օրինակ՝ եթե դաշտանը շատ ցավոտ է, դա կարող է լինել թեք արգանդի կամ ձվարանների բորբոքման հետեւանք:

— Շատ մայրեր մտավախություն ունեն, որ դեռատի աղջկա բուժման ժամանակ կարող է վնասվել կուսաթաղանթը: Արդյո՞ք այդ կարծիքն իրատեսական է:
— Իհարկե՝ ոչ: Կուսաթաղանթին ոչ մի սպառնալիք չկա, քանի որ հակասնկային եւ հակաբորբոքային ձողիկները, որոնք կիրառում է գինեկոլոգը, ունեն լուցկու հաստություն եւ հեշտությամբ կարող են անցնել կուսաթաղանթի անցքերով՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Նշեմ, որ կուսաթաղանթի բնական անցքերով հեշտությամբ կարող է անցնել կանացի ճկույթը: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա:

— Ի՞նչ խորհուրդներ կտայիք աղջիկներին եւ նրանց մայրերին:
— Քանի որ դեռահաս աղջիկը չունի այնքան փորձ եւ գիտելիքներ, որ ինքնուրույն որոշումներ ընդունի, խորհուրդս վերաբերում է մայրերին: Առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Ցանկալի է, որ երեխան քնի առանձին՝ իր սեփական անկողնում: Խորհուրդ չի տրվում լվանալ միեւնույն ամանի մեջ մոր եւ աղջկա վարտիքը: Ներքնազգեստը ցանկալի է արդուկել լավ տաք արդուկով: Որպեսզի աղիքային ցուպիկը չհայտնվի հեշտոցային ուղիներում, պետք է ճիշտ մաքրել երեխայի հետանցքը, հաճախակի կատարել արտաքին լվացումներ, լողանալ:
Բնականաբար, կույս աղջկա մոտ չի կարող լինել ոչ մի վեներական վարակ: Նրանք սովորաբար ունենում են ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային եւ սնկային վարակներ: Պատճառների մասին արդեն խոսել ենք: Ուստի առատ արտադրության, քորի, կարմրության, դաշտանային ցիկլի խանգարումների, ուժեղ ցավերի, առատ արյունահոսության դեպքում խորհուրդ եմ տալիս չհապաղել եւ այցելել գինեկոլոգին:
Մայրերը պետք է հասկանան, որ թե՛ հետազոտության, թե՛ բուժման ընթացքում աղջկա կուսությունը մնում է անվնաս:

— Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:

Հեղինակ՝ Ռուզաննա Սիմոնյան

341 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։