Արյան հետազոտություն
Փորձագետի խորհուրդներ

Ինչի՞ է հանգեցնում երկաթի և B12-ի անբավարարությունը

-Ինչպե՞ս  բուժել  B12-ի եւ երկաթի անբավարարությունը: Սնվում եմ դրանցով հարուստ սննդամթերքով, բայց ոչ մի օգուտ:
 Հասմիկ, Երեւանից

Ինչպես պարզեցինք թերապեւտ Հովիկ Խանսամանյանից, երկաթի անբավարարությունը եւ B12-ֆոլաթթվային  սննդային անբավարար յուրացումը դիտվում է աղեստամոքսային ուղու մի շարք սուր եւ քրոնիկական հիվանդությունների ժամանակ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Որո՞նք են երկաթի անբավարարությունից սակավարյունության առաջացման պատճառները:
— Երկաթի անբավարարությունից առաջացած սակավարյունությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներից, որոնք ունեն ընդհանուր ախտածագում՝ երկաթի անբավարարություն օրգանիզմում:  Երկաթի անբավարարությունից առաջացած սակավարյունությունը զարգանում է երկար ժամանակ երկաթից աղքատ սնունդ, օրինակ՝ կաթնամթերք օգտագործելիս: Երկաթի պահանջը զգալիորեն մեծանում է պատանիների մոտ՝ հասունացման շրջանում, կանանց մոտ՝ հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ:

— Մեր ընթերցողին հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ  B12 վիտամին եւ երկաթ պարունակող սննդամթերքով  սնվելը ոչ  մի արդյունք չի տալիս:
— Օրգանիզմը, երկաթը ստանալուց բացի, պիտի այն նաեւ յուրացնի: Օրգանիզմում երկաթի ոչ լիարժեք յուրացման պատճառները տարբեր են: Առավել հաճախ երկաթի եւ B12 վիտամինի յուրացումը թերի է կատարվում, երբ խախտված է նրա ներծծումը աղիքներում: Դրանց ներծծումը եւ յուրացումը բարդ գործընթաց է եւ պայմանավորված է մի շարք գործոններով: Սննդի հետ ընդունված երկաթն ու B12 վիտամինը ենթարկվում է իոնացման եւ ներծծվում է աղիքներում: Երբեմն հիվանդները ոչ մի գանգատ չեն ներկայացնում: Դա լինում է այն դեպքում, երբ հիվանդը երիտասարդ է, հիվանդությունը զարգացել է դանդաղ, եւ գործի են դրվել օրգանիզմի փոխհատուցական մեխանիզմները: Հիվանդները նշում են նաեւ անմիզապահություն, հատկապես՝ գիշերային ժամերին, ծիծաղելիս, հազալիս: Եթե հիվանդը սնվում է այդ վիտամինը եւ հանքային աղը պարունակող սննդամթերքներով եւ ոչ մի օգուտ չի նկատում, ապա պետք է հետազոտել նրա ստամոքսը եւ աղիքները: Սակայն, ամեն դեպքում, սննդամթերքների մեջ պարունակվող երկաթը լրիվ չի էլ ներծծվում, այդ պատճառով սակավարյունությունների բուժման հիմնական ձեւը մնում է  դեղամիջոցների օգտագործումը:

— Բժի՛շկ Խանսանամյան ի՞նչ խորհուրդ կտաք:
— Եթե հիվանդը իրեն լավ է զգում, դա չի նշանակում, թե նա լիարժեք բուժված է եւ պետք է դադարեցնել բուժումը: Հիվանդը պետք է հասկանա, որ այն անհրաժեշտ է շարունակել, մինչեւ երկաթի եւ B12-ի անբավարարությունը հյուսվածքներում լրացվի, եւ ստեղծվի որոշակի պաշար, որպեսզի փոքր առիթներից հիվանդությունը չկրկնվի: Սակավարյունություն ունեցող հիվանդները բուժման կարիք ունեն առողջարաններում, քանի որ թթվածնի ցածր ճնշումը խթանում է արյունաստեղծումը: Այդ սակավարյունությունները կանխելու նպատակով մի շարք սննդամթերքների (ալյուր,աղ) մեջ ավելացնում են երկաթ պարունակող դեղամիջոցներ:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։